«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը նոր էջ է բացել, «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում։

Այս մասին Իրան կատարած այցի շրջանակում իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Մենք կարծում ենք, որ երկխոսության այս ձևաչափը կարող է հարմար հարթակ դառնալ տարածաշրջանային նախագծերի քննարկման համար, հատկապես տրանսպորտային և ենթակառուցվածքային հաղորդակցությունների ոլորտում»,- նշել է նա:

Կոստանյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների վերականգնման մասին սկզբունքային համաձայնագիրը նոր էջ են բացել երկխոսության համար, այդ թվում՝ «3+3»-ի շրջանակում։

«Մենք նաև դիտարկում ենք ադրբեջանական կողմի հետ երկկողմ խորհրդակցությունների հնարավորությունը»,- հավելել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ