ՀՀ վարչապետը Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է հայտնել Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրից

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները՝ շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի Իլհամ Ալիևի համատեղ Հռչակագիրը:

ՀՀ վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են՝ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ