![]()
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է Վաշինգտոնում տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:
Հարց. Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով։
Պատասխան. Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն։
Հարց. Այցի ընթացքում կայացան նաև երկկողմ հանդիպումներ, հուշագրեր ստորագրվեցին, ի՞նչ է դա նշանակում, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համար։
Պատասխան. Իսկապես, այցը կարևոր էր նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առաջմղման տեսանկյունից։ Փաշինյան-Թրամփ հանդիպման ընթացքում հնարավոր եղավ քննարկել ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր, ստորագրվեց երեք հուշագիր։
«Խաղաղության խաչմերուկի» կարողությունների զարգացման հուշագիրն արտահայտում է ԱՄՆ աջակցությունը «Խաղաղության խարմերուկ» նախագծին, ընդգծում Հայաստանի կարևոր դերը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և վերահաստատում է Միացյալ Նահանգների աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը։ Այն միտված է խթանելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը։ Այն ներառում է մասնավոր ներդրումների խրախուսում և մաքսային և սահմանային կարողությունների ամրապնդում։
Արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության վերաբերյալ հուշագիրընպատակ ունի զգալիորեն խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգացնելով կիսահաղորդիչների էկոհամակարգը և արհեստական բանականության կիրառությունները։ Այն ընդգծում է մասնավոր ներդրումների և պետություն-մասնավոր համագործակցության, ակադեմիական գործընկերության կարևորությունը։ Կողմերը հանձն են առնում խթանել աշխատուժի պատրաստումը և ամրապնդել տեխնոլոգիական գործընկերությունը։ Կողմերը նաև մտադիր են աշխատանքներ տանել հասնելու անրաժեշտ պայմանների ապահովմանը՝ ԱՄՆ արտահանման վերահսկման շրջանակում Հայաստանի կարգավիճակը բարձրացնելու համար։
Էներգետիկ անվտանգության հուշագիրը միտված է աջակցելու Հայաստանի էներգետիկ կայունությանն ու էներգետիկ համակարգի արդիականացմանը, մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմանը, ինչպես նաև զարգացնելու քաղաքացիական միջուկային համագործակցությունը։
Հուշագիրը նաև նախատեսում է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խթանում և մասնագիտական կարողությունների զարգացում՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունը։
Նշվածի և ռազմավարական գործընկերության այլ բաղադրիչների կյանքի կոչման ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել ենք առաջիկայում ակտիվացնել համատեղ աշխատանքը։
Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ այս հանգրվանին հասնելու համար ամիսներ շարունակ մանրակրկտորեն պլանավորված աշխատանք է իրականացվել, և այս փուլում աշխատանքների ծավալը և բովանդակությունը պետք է էլ ավելի ընդլայնվի։ Երեկ նախագահ Թրամփը ստորագրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կյանքի կոչման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հրամանագիրը, և մոտ առաջիկայում մենք Երևանում ակնկալում ենք բարձրաստիճան քննարկումներ այս ուղղությամբ՝ օգտագործելու այս կարևոր պահը հետագա սերունդներին ավելի փոխկապակցված Հարավային Կովկաս ժառանգելու նպատակով։
![]()