![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ վերջին երկու-երեք տարում Հայաստանի հիմնական ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից, հաճախ են հնչում վերջնագրերի տեսքով հայտարարություններ, իսկ հետո պարզվում է, որ փայփայում են հայ-ռուսական հարաբերությունները, երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը շատ կարևոր է Ռուսաստանի համար, ՀՀ-ն շատ կարևոր գործընկեր է:
Ըստ նրա՝ ամսվա կենտ օրերին ՌԴ-ից այլ բովանդակության և տրամաբանության հայտարարություններ են հնչում, զուգ օրերին՝ այլ. «Միևնույն ժամանակ դժվար է կռահել, թե որ օրը որ ոտքի վրա են արթնանում ռուս պաշտոնյաները»:
Այս մասին պատգամավորը ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ՌԴ-ից ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ հնչող հայտարարություններին:
Ստեփանյանը հիշեցնում է՝ Հայաստանը տևական ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի համար անդամավճար չի վճարելու. «Ըստ էության՝ հենց սա է շատ անհանգստացնում ՌԴ-ին»:
Նրա խոսքով՝ սովորաբար մարդիկ վճարում են ծառայության համար, կարող են վճարել նույնիսկ վատ ծառայության համար, բայց վճարել ոչ մի ծառայության դիմաց, որևէ քաղաքացի համաձայն չի լինի:
«ՀԱՊԿ-ը ստեղծման օրվանից եղել է չաշխատող կառույց: Ի՞նչ իմաստ ունի մնալ չաշխատող միության մեջ, որն ավելի շատ խնդիրներ է առաջացնում: Երբ մենք ունեինք ՀԱՊԿ-ի կարիքը, ՀԱՊԿ-ը համեստաբար լռեց: Այն մի անգամ է աշխատել. երբ ՀԱՊԿ-ը նախագահում էր Հայաստանը, ուղիղ պարտավորություններով որոշ գործողություններ տեղի ունեցան Ղազախստանում»,- նկատում է նա:
Վերջինս շեշտում է՝ իր համար՝ որպես ՀՀ քաղաքացու, ՀԱՊԿ-ը Ադրբեջանի ֆան ակումբի տպավորություն է թողնում. «Խոնարհաբար համագործակցում են, իսկ եթե չեն համագործակցում, ապա երազում են դրա մասին: Բելառուսի նախագահի հիացմունքը Ադրբեջանի նախագահի հանդեպ սահմաններ չի ճանաչում: Հավանաբար Իլհամ Հեյդարիչի նկարը 8-12-ի վրա փակված է Լուկաշենկոյի ննջասենյակում կամ աշխատասենյակում»:
Անդրադառնալով ռուսաստանաբնակ Արա Աբրահամյանին և նրա կողմից ՀՀ իշխանությունների վերաբերյալ հնչեցվող քննադատություններին՝ իշխող ուժի անդամն ասում է՝ ՌԴ-ում ապրող հայերը այնքան խնդիրներ ունեն, Արա Աբրահամյանը թող նեղություն քաշի գոնե այդ մարդկանց փոքր խնդիրները լուծի, հետո նոր քիթը մտցնի ՀՀ պետական քաղաքականության մեջ:
Լիլիթ Ստեփանյանի նկատառմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը լավ կանեն՝ աթոռներ դնեն Հանրապետության հրապարակում և ժողովրդին պատմեն, թե ինչպես եղավ, որ 1988 թվականից սկսած՝ ժողովրդի կերտած հաղթանակը մսխեցին:
«Ինչպե՞ս եղավ, որ լինելով հաղթող պետություն՝ ոչ թե հիմք դրեցին խաղաղության, այլ մի տարօրինակ իրավիճակի․ այս հարցերի պատասխանները թող տան, նոր հետո Նիկոլ Փաշինյանին գնահատական տան»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է ռուսաստանաբնակ միլիարդատեր, ՀՀ-ում կալանավորված Սամվել Կարապետյանին, որն ուզում է նոր ուժ հիմնել, պատգամավորն ասում է՝ նրա համար ՀՀ-ում քաղաքական դաշտում որոշակի դերակատարում վերցնելը կնմանվի հոբբիի կամ ժամանցի, որ բիզնեսներից դուրս կզբաղվի:
«Խուրմա-խուրմա ասելով՝ բերանդ չի քաղցրանա. նոր քաղաքական ուժ՝ հին դեմքերով, հին արարքներով: Ուզում են հանձնարարություններ տալ՝ գյադեք ձախ, գյադեք աջ, հիմնական գործողություններն անեն իրենց որակավորած էշերը»,- եզրափակում է նա:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()