![]()
«Սա շատ կոնկրետ պետական աջակցության ծրագիր է, որտեղ պետության աջակցության անհրաժեշտությունը կա»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում հյուսիս-հարավ ճանապարհի պակասող հատվածի կառուցմանը։
«Սա, իհարկե, միանշանակ պետք է իրականացնենք, բայց այստեղ կառավարության գործընկերների հետ պետք է շատ ազնիվ լինենք, որովհետև մեր 35 միլիարդից 120 միլիարդ հասցրած սեփական եկամուտով և պետական այդ ժամանակվա 40 միլիարդը 10 միլիարդ դարձրած աջակցությամբ մենք տեղ չենք հասնի։ Այս տեսակ ճանապարհները միայն մեր ուսերին չպետք է լինի, սա միջպետական ճանապարհային հանգույց է։
2023-ից ի վեր, տարին տարվա վրա կռիվ տալով, քաղաքական մեր կապիտալի հաշվին, աշխարհի ամենավատ բառերը ուտելով, կամաց-կամաց ինչ-որ տուրքեր ենք ավելացրել, մասնավորապես շինարարության վրա ենք ավելացրել տասնյակ միլիոնավոր դոլարներ, Երևանի քաղաքապետարանը կարողանում է հավաքագրել շինարարական այդ պրոյեկտներից, այսինքն նոր շենքերը կառուցվելուց վճարում են Երևանի քաղաքապետարանին տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Այո, մենք կառուցում ենք և բակերը և մյուսը, մյուսը, բայց մի հատ կետ կա, որտեղ ժամանակն է եկել պետության աջակցության։
Լավ, չեն ուզում ծրագիրը ֆինանսավորեն, թող ուղիղ քաղաքապետարանին ֆինանսավորեն։ 2027 թվականի 10 միլիարդ դրամը ո՞րն է, 2.7 միլիարդ դրամ սուբսիդիան Երևան քաղաքին ո՞րն է, երբ որ կա 16 համայնք, որ Երևանի բնակչությունից տասնը քանի անգամ ավելի պակաս են և ավել գումար են ստանում։ 17-րդ համայնքն է այդ շարքում Երևանը։
2022 թվականից խոսում ենք, խոսում ենք,է հետո՞։ Մինչև վարչապետը ուղիղ չի հանձնարարում, ոչ մի բան տեղի չի ունենում, մեկ էլ Տիգրան Խաչատրյանը։
Ասենք բոլոր մնացած ինստիտուցիոնալ ինչ-որ լուծումներ չենք կարո՞ւմ ունենալ, որ անընդհատ մուրացկանի դեմքով կանգնած չլինենք, ասենք՝ ժողովուրդ ջան միջպետական ճանապարհ է, ի՞նչ անենք։ Է՞ս էլ մեր ուսերին, Շերամն էլ մեր ուսերին, դա էլ է չէ մեր ուսերին։ Սա նշանակում է լավ չենք բացատրում մեր տեսանկյունը»,-ասել է նա:
![]()