![]()
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ զրուցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս կայացած ասուլիսում հնչեցրած հայտարարությունների շուրջ։
Վարչապետն ասուլիսի ժամանակ ասել էր, որ ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք մեր անդամակցությունը։ Վարչապետի այս հայտարարությանն արձագանքել էր ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով. «Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս զարգացնել երկկողմ սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Երևանի հնարավոր դուրս գալու հետևանքները ցույց կտա ժամանակը»:
Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ՝ դա ավելի շատ նման է ափսոսանքի առ այն, որ կարծես թե Հայաստանում որոշում կայացրել են։ Ցավոք սրտի, մենք արդեն երկու-երեք տարի է՝ անընդհատ խոսում ենք այն մասին, որ կարծես թե Հայաստանում որոշում կայացրել են, բայց գործողությունը չենք տեսնում: Այս անգամ էլ Փաշինյանի հայտարարությունը նման չէ գործողություն ծրագրած մարդու հայտարարության, այլ ավելի նման է մի մարդու հայտարարության, ով այնքան էլ չի ցանկանում այդ գործողությունը կատարել, բայց հանգամանքները դասավորվել են այնպես, որ ստիպված է լինելու։ Եվ Մոսկվայից պատասխանն էլ կարծես թե ափսոսանքի տրամաբանության մեջ է»։
Խոսելով նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ, և ինքը կարող է թվարկել 20 պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք ՌԴ-ի հետ, քաղաքագետն ասաց, որ երբ Արա Աբրահամյանն ասում է, որ կարող է թվարկել 20 պատճառ, արդեն ծիծաղելի է, անկախ նրանից, թե դրանից հետո ինչ է ավելացնելու, ինչ 20 պատճառ է նա ավելացնելու, քանի որ Արա Աբրահամյանի մտավոր կարողություններին քիչ թե շատ ծանոթ ենք, և 20 պատճառ իրար հետևից թվարկելը կարող է շատ աբսուրդային իրավիճակի բերել։
«Եթե մենք ուշադրություն դարձնենք Պեսկովի, Լավրովի, Զախարովայի, յան ազգանունով Ռուսաստանի որոշ մեդիա և փորձագիտական դաշտի ներկայացուցիչների ելույթներին և խոսույթին, ակնհայտ կդառնա, որ նրանք, եթե նույնիսկ ոչ գիտակցված, ապա ենթագիտակցաբար թերագնահատում են Հայաստանի ժողովրդի մտավոր ունակությունները։ Եվ մոտավորապես Հայաստանի ժողովրդի մտավոր ունակությունները չափում են Արա Աբրահամյանի մտավոր ունակություններով»,- հավելեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()