Խորը մտահոգությամբ ու ցավով եմ գրում այս տողերը․ Վալոդյա Մխոյան

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Վալոդյա Մխոյանը գրել է՝

Խորը մտահոգությամբ ու ցավով եմ գրում այս տողերը։
Օրերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որը ցնցեց ինձ՝ ինչպես քրիստոնյայի, այնպես էլ հասարակության գիտակից անդամի։ Տեսանյութում երևում է, թե ինչպես մի հոգևորական հրաժարվում է կատարել մկրտության սուրբ արարողությունը՝ պարզելով, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է հանդես գալիս որպես կնքահայր։ Հոգևորականը առանց վարանելու, առանց երկմտանքի հայտարարում է, թե ինքը չի մկրտի, քանի դեռ կնքահայրը չի փոխվել։
Ես բառացիորեն սառեցի։ Արդյո՞ք ճիշտ լսեցի։ Միթե սա մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի խոսքն է։ Միթե սա է սերն ու ներողամտությունը, որ քարոզում է Քրիստոսը։
Սա ուղղակի անհանդուրժելի պահվածք է։ Սա դավաճանություն է մեր հավատի նկատմամբ։
Պահեք մի պահ լռություն ու մտածեք.
Այսօր մկրտություն չեն կատարում, որովհետև կնքահայրը դուր չեկավ։ Իսկ վաղը ի՞նչ է լինելու։ Չե՞ն թողնի մեզ մուտք գործել եկեղեցի, որովհետև մեր հայացքները չեն համընկնում իրենց հետ։ Չե՞ն պսակի մեր զավակներին, եթե մենք ունենք այլ կուսակցական պատկանելիություն։ Չե՞ն աղոթի մեր հանգուցյալների հոգու համար, որովհետև մենք համարձակվել ենք քննադատել։
Սա այլևս հոգևոր առաջնորդություն չէ։ Սա քաղաքականություն է՝ հոգևոր հանդերձով։
Ես շատ եմ մտածել՝ արժե՞ արդյոք արձագանքել այս դեպքին։ Բայց լռելը հավասար է համաձայնության։ Ու ես լռել չեմ կարող։ Որովհետև այս պահից սկսած, ամեն լռություն հարված է մեր հավատքի հիմքերին։
Ես որպես քրիստոնյա, որպես հավատացյալ՝ խորը ցավ եմ ապրում։
Ցավ, որ եկեղեցում դեռ կան մարդիկ, ովքեր իրենց պաշտօնը շփոթում են իշխանության հետ։
Ցավ, որ կան հոգևորականներ, ովքեր մոռացել են՝ ծառայության հիմքում սեր է, ոչ թե դատաստան։
Ցավ, որ նման մարդկանց ներկայությամբ՝ եկեղեցին խորթ է դառնում հավատացյալին։
Եվ ես մի բան եմ խորապես հասկանում.
այդ հոգևորականը տեղ չունի մեր Սուրբ Եկեղեցու մեջ։
Տեղ չունի նա, ով խտրական է անում, ով կիրառում է անձնական կարծիքները՝ Աստծո կամքի փոխարեն։
Տեղ չունի նա, ով իր անսանձ հպարտությամբ պղծում է մի ամբողջ սերնդի հավատը։
Տեսնես՝ այդ նույն հոգևորականը մտաբերո՞ւմ է, թե ինչ է նշանակում «ես ծառան եմ Աստծո, ոչ դատավորը»։
Իսկ ես՝ որպես նրա հավատացյալը, հիշում եմ. Տերը խոնարհ եղավ, մեղավորներին ընդունեց, խաչը վերցրեց՝ առանց դատելու։ Իսկ նա՝ ո՞վ է։
Եվ ուզում եմ այս տեքստս եզրափակել մի աղոթքով՝ Ներսես Շնորհալու հզոր տողերով։ Թող դա լինի ուղեցույց բոլոր նրանց համար, ովքեր մոռացել են, թե ինչի համար են այս ճանապարհին։
«Արդ, Տե՜ր, նայելով անարգիս՝ հիշի՛ր մեծությունը Քո,
Եվ երբ քեզանից բարիքներ խնդրեմ ինձ ատողներին,
Նրանց համար էլ, որ Քոնն են նույնպես,
Ըստ մեծությանդ՝ անճառելիներ հրաշագործի՛ր։
Ինձ խայթողներին մի՛ բնաջնջիր, այլ ուղղի՛ր միայն.
Հանելով խոտան բարքը երկրային՝
Արմատավորի՛ր առաքինություն իմ ու նրանց մեջ…»
Թող այս աղոթքը հնչի նաև այդ հոգևորականի համար։
Բայց թույլ չտանք, որ նա շարունակի իր ճանապարհը՝ իբր խաչի ներքո, բայց առանց խաչի ճշմարիտ կրումի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ