![]()
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար:
Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«ՀԾԿՀ նախագահն ընդունել է որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին:
ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։
Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։
Ավելի ուշ նա շնորհակալական նամակ էր հրապարակել՝ նշելով, որ առջևում կարևորագույն առաքելություն ունեն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու։
![]()