![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որպեսզի արդարացնի իր ահաբեկիչ փրկիչներին, որոնք սրբազանների տեսքով պատրաստվում էին ահաբեկչություն անել երկրում:
«Ընդդիմությունը այս ուժերի դաշնակիցն է, տեռորիզմի մունետիկը, դրա համար հիմա ցուգցվանգի մեջ է»,- ասում է նա:
Միևնույն ժամանակ պատգամավորը նկատում է, որ ընդդիմությունը որոշ հարցերում մարաղ է մտել, օրինակ՝ Տաշիր Սամոյի ունեցվածքի պաշտպանության առաջամարտիկն է դարձել և կռիվ է տալիս. «Ընդդիմությունը ամբողջ ուժով մտել է Սամվել Կարապետյանի քսակի մեջ, փորձում է մկան պես իր բաժինը հանել»:
Ըստ Կոնջորյանի՝ Կտրիճ Ներսիսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գործողությունների համար, քանի որ նա օրհնել է դրանք:
«Նա, որոշ սրբապիղծ հոգևորականներ, ընդդիմությունը շահագրգռված են ՀՀ-ում տեռոր անելու, մարդկանց պատերի տակ գնդակահարելու, ավտոբուսներում վառելու, երկրում քաոս ստեղծելու համար, որ պետությունը դնեն օտար երկրի գրպանի մեջ»,- կարծիք է հայտնում նա:
Անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել սատարել Գևորգ (Միքայել) Աջապահյանի թեկնածությունը իմպիչմենտի գործընացում՝ իշխող ուժի անդամը նկատում է. «Երկու քաղաքական դիակ խմբակցություններ փորձեցին վարչապետի պաշտոնում առաջադրել մեկ բարոյական դիակի, և այդ գործընթացը դուրս եկավ մեռելածին»:
Մեկնաբանելով մամուլում առկա այն հրապարակումները, որ այս օրերին Ռոբերտ Քոչարյանը իր հանգիստն է վայելում Էգեյան ծովում՝ վերջինս ասում է. «Մեկ Էգեյան ծովում է հանգիստը անցկացնում, մեկ Տանզանիայում առյուծ է հեծնում. անկախ նրանից՝ նա որ ծովափին ոտքերը ջրի մեջ կդնի, միևնույն է, փորձում է ՀՀ-ն դնել զոհասեղանին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()