![]()
Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 3-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանված օրակարգով:
Քննարկվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
«ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ վերահաստատելով իր հավատարմությունն իրավունքի գերակայության եւ սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ձեւավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը եւ բռնության ցանկացած ձեւ քաղաքական պայքարում եւ հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին»,- ներկայացնելով հայտարարության նախագիծը՝ նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նշվել է, որ ահաբեկչության եւ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների: «Ահաբեկչությունը եւ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերն ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանն ու ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները եւ հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին եւ արտաքին սպառնալիքներ ՀՀ-ի եւ ՀՀ ժողովրդի համար»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը եւ երկրում ռազմական հեղաշրջման կամ այլ որեւէ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Նշվել է, որ ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսեւորում ուղղված է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքի դեմ:
Հայտարարությամբ անընդունելի է համարվել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման եւ Հայաստանի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու բոլոր փորձերը: «ՀՀ ԱԺ-ն՝ որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին դատապարտել ահաբեկչությունը եւ բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը, աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը եւ պետական ինստիտուտների ամրապնդմանը»,- նշել է Հայկ Կոնջորյանը:
Նա տեղեկացրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է եւ նիստին չի մասնակցում:
Խմբակցության ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ծրագրված ահաբեկչությանը, Հայաստանի դեմ վարվող հիբրիդային գրոհներին:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նիստում բավականին մանրամասն քննարկվել է հայտարարության նախագիծը: Նշելով, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում՝ նա առաջարկել է այն դրական քվեի արժանացնել: «Ահաբեկչության դեմ պայքարը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մաս է»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Հայտարարության առնչությամբ ելույթ են ունեցել պատգամավորները՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, ապօրինի կերպով իշխանափոխությանն ու ահաբեկչությամբ իշխանության գալու անթույլատրելիությանը, հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործություններին, դրանց չկանխմանը, պետության դեմ նախապատրաստվող ռազմական հեղաշրջման անթույլատրելիությանը եւ այլ հարցերի:
«Սա լինելու է պատմական հայտարարություն: Մենք պիտի այս հայտարարությունն ընդունենք, ուղերձը տանք, որպեսզի կանխենք հաջորդ ահաբեկչությունները: Եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո այն ժամանակվա խորհրդարանը լեգիտիմ լիներ եւ արձանագրեր, դատապարտեր, քաղաքական կանոն ամրագրեր, ես վստահ եմ, որ չէր լինի մարտի 1-ը»,- եզրափակիչ ելույթում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով նաեւ այդ ժամանակներում տեղի ունեցած ընտրակեղծիքներին եւ իշխանազավթմանը:
Նա կոչ է արել պատգամավորներին կողմ քվեարկել ԱԺ հայտարարության նախագծին:
![]()