Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ-ին բաժնետեր դարձնելու նախկինում եղած որոշմանը, որն ընդդիմությունը ժամանակին քննադատել է այնպես, ինչպես մեր օրերում ՀԷՑ-ի պետականացման գործընթացը:

«Երբ ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերեց իր շուրջ 21.87 տոկոս բաժնեմասը, հայաստանյան ընդդիմությունը կրկին հայտարարեց, թե պետությունը բիզնես է խլում։ Ավելին՝ նրանց առաջնորդներից մեկն ավելի հեռուն գնաց՝ նշելով, թե այստեղ կոռուպցիա կա։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։

Իսկ ԶՊՄԿ-ում ունեցած իր 21.87% բաժնեմասի դիմաց Հայաստանը ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022 թվականից։ Եթե սրան գումարենք նաև հարկերից գեներացվող միջոցները, ստացվում է ահռելի գումար։

Այս ֆոնին, միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ որքան միլիարդ դոլար կարող էր ստանալ Հայաստանի Հանրապետությունը և չի ստացել ընդդիմության իշխանության քսան տարիների ընթացքում։ Բայց արի ու տես, որ պետությանն իր հարստության մի մասի վերադարձը և բարեխիղճ հարկերի վճարումը այդ շրջանակների կողմից մեկնաբանվում է որպես բիզնեսի խլում և կոռուպցիա։ Սա պատահական չէ, որովհետև նրանք անհանգստանում են և փորձում են ապահովագրել իրենց, քանի որ հնարավոր է՝ մի օր էլ իրենք ստիպված լինեն վերադարձնել պետությունից և ժողովրդից խլած հարստությունը»,- գրել է Ղազարյանը:

Հիշեցնենք՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի՝ 2024 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջե արված շահաբաժնային վճարումների մասին ավելի վաղ թվեր էր հրապարակել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ