![]()
Իսրայելական զինվորականները մեկ գիշերվա ընթացքում Իրանից հրթիռային հարվածների երկու ալիք են գրանցել, ընդհանուր առմամբ արձակվել է 65 հրթիռ, որոնցից շատերը որսացել են։
Այս մասին ճեպազրույցում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը։ Նույն տվյալներն է հրապարակել նաև Իսրայելի վարչապետի գրասենյակի ղեկավար Դմիտրի Գենդելմանը:
«Արձակվել են 65 հրթիռ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր, մեր օդային և ծովային պաշտպանության համակարգերը կարողացել են որսալ դրանց մեծ մասը»,- ասել է նա։
Իսկ իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Կիյումարս Հեյդարին ասել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում իրանցի զինվորականները տասնյակ հարվածային անօդաչու սարքեր են գործարկել Իսրայելի թիրախների ուղղությամբ։
Իսրայելում Իրանի հրթիռակոծությունների երեք օրվա ընթացքում ըստ Իսրայելի կառավարության տվյալների՝ զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ գրեթե 600-ը։
Կառավարության մամուլի ծառայության պաշտոնական ամփոփագրում ասվում է, որ կա 24 զոհ, 592 վիրավոր՝ 10-ը՝ ծանր, 36-ը՝ միջին ծանրության, 546-ը՝ թեթև վնասվածքներ։
Իսրայելի կառավարության տվյալների համաձայն՝ վերջին օրերին Իսրայելում գրանցվել է իրանական հրթիռների անկման 30 վայր, որոնցից ընդհանուր առմամբ արձակվել է 370 հրթիռ:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր իսրայելական հիվանդանոցներ տարբեր աստիճանի վնասվածքներով բուժօգնության է դիմել 287 մարդ Իրանի հարվածների հետևանքով։
The Jerusalem Post-ը գրում է, որ Բաթ Յամում փլատակների տակից դուրս են բերել ևս երկու մարդու դի, որտեղ իրանական հրթիռը խոցել է բազմահարկ բնակելի շենքը։ Քաղաքում զոհերի թիվը հասել է 9-ի։ Հայֆայում երեք մարդ, որոնք անհետ կորել էին երեկվա հարձակումից հետո, մահացած են գտել, հայտնում է Ynet-ը։
![]()