![]()
2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Պայթյունի հետևանքով կա փլուզում. կան զոհեր և վիրավորներ: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:
Հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ:
Պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:
Նախաքննության ընթացքում նշանակվել է համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Փրկարար ծառայության աշխատակիցների, ինչպես նաև դեպքի վայրի զննություն կատարող, նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամ հանդիսացող քննիչների կողմից»,- ասվում է Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել ենք, կա 3 զոհ, որոնք կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:
Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:
Ըստ նախնական տվյալների՝ Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով. այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի շենքերի մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ:
![]()