Պետք է բացահայտել Հայ առաքելական եկեղեցու ու ՖՍԲ-ի միջև եղած կապը

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ կարևոր է պահպանել սահմանադրական դրույթները, և եկեղեցին ու պետությունը չխառնվեն միմյանց գործերին: «Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ արդեն բավականին երկար տարիներ եկեղեցին փորձեր է անում խառնվելու քաղաքական գործընթացներին։ Բարձրաստիճան հոգևորականների կողմից հայտարարություններ են հնչում իշխանությունների դեմ. կարգն առաջին հերթին խախտել է եկեղեցին, դա պետք է ընդունենք որպես փաստ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ եկեղեցին գործում է պետության տարածքում և չի կարող դեմ գնալ ՀՀ օրենսդրությանը. «Ուստի ես կարծում եմ, որ եկեղեցու նկատմամբ որոշակի պետական վերահսկողություն պետք է լինի, բերվի հարկային դաշտ, ուսումնասիրվի աղբյուրների թափանցիկությունը։ Չեմ ուզում մտնել բարոյականության, եկեղեցու ներքին կանոնների մեջ։ Ըստ իս՝ այն խնդիրները, որ բարձրաձայնվում են վերջին օրերին, պետք է ազդանշան լինեն եկեղեցականներին, որ փորձեն ինքնակարգավորվել։ Սա պետք է լինի իրենց պարտավորությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդների նկատմամբ»։

Իրավապաշտպանը մտավախություն ունի, որ եկեղեցին պատմականորեն որոշակի ազդեցության է ենթարկվել Ռուսաստանի անվտանգային ծառայությունների կողմից. «Շատ հաճախ եկեղեցու և Ռուսաստանի տարբեր շրջանակներից հնչող հայտարարությունները իրար զուգահեռ են արվում։ Սա ես համարում եմ շատ լուրջ վտանգ, և այն ակտուալ է դառնալու 2026 թվականի ընտրությունների շեմին։ Պետության անելիքը պետք է լինի փորձել բացահայտել կապը եկեղեցականների և Ռուսաստանի անվտանգային ծառայությունների՝ ՖՍԲ-ի և նախկին ԿԳԲ-ի միջև։ Սա իրավական գործընթաց է ենթադրում։ Ինձ չեն հետաքրքրում եկեղեցականների սեռական հարաբերությունները, էական է պետական անվտանգությունը, մեր պետության վրա Ռուսաստանի ազդեցության չեզոքացումը»։

Վերը թվարկածի մեխանիզմը, Խաչատրյանի դիտարկմամբ, ոչ թե սոցիալական ցանցերով իրար վիրավորելն է, այլ վարույթներ սկսելը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ