Արփինե Սարգսյանը՝ Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման մասին

ՆԳՆ-ում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել: Կարծում եմ՝ կադրային փոփոխությունները շատ բնական են, որևէ արհեստական բան կադրային փոփոխությունների մեջ չկա: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է աշխատանքից ազատվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը:

«Կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնք տարիներ շարունակ կարող ենք մեկ այլ հայացքով նայել բնականորեն: Ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակում է, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին է՛լ ավելի թարմ աչքով նայելու, է՛լ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և գնալու առաջ: Սա է բացառապես եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը: Պետք չէ փնտրել ինտրիգներ, պետք չէ փնտրել միջանձնային տարբեր հարցեր, պետք չէ փնտրել այլ հիմնավորումներ, որոնք կարող էին ձեր պատկերացմամբ լինել պաշտոնից ազատման հիմքում:

Ցանկացած անձ հավերժ չէ, որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ: Մի օր կարող է նշանակվել, հետագայում էլ կարող է ազատվել տվյալ պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն»,- ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանապետի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասով մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ նախարարը հայտարարեց. «Վստահաբար տեղյակ եմ՝ մամուլում ինչպիսի տեղեկություններ, ինչպիսի հիմնավորումներ են շրջանառվում, դրանք չեն համապատասանում իրականությանը: Արդեն իսկ նշեցի, որ հիմնավորումը պայմանավորված է բացառապես պրոցեսներն է՛լ ավելի նոր եղանակով կազմակերպելու հանգամանքով:

Այս տրամաբանության մեջ եմ նաև առաջարկել վարչապետին նշանակել իմ տեղակալի, ոստիկանության պետի պաշտոնում արդեն նորանշանակ ոստիկանության պետին, որը եղել է համակարգի մաս, և որոշ ժամանակ հետո վերադառնում է համակարգ: Կարծում եմ՝ վերադարձը դեպի համակարգ ոստիկանոթյան բարեփոխումների ինտենսիվ իրականացման փուլում թույլ կտա հենց իմ նշած մոտեցումն իրականացնելու»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ