![]()
Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ շրջանառվող լուրերը, որ նա կուսակրոնությունը խախտած հոգևորականներից մեկն է, իսկ ըստ իր նախկին գավազանակրի կամ քարտուղարի մեղադրանքի՝ ընդհուպ տարբեր կանանցից երեխաներ ունի…
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Սա, ըստ քաղաքագետի, շատ ծանր հետևանքներ է ունենալու հենց կաթողիկոսի անձի համար, երբ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևորականը լինելով, առնվազն մեղքերի թողությամբ ու ապաշխարությամբ հանդես չգա։
«Սոսի Թաթիկյանը խելամիտ առաջարկ է արել՝ Եկեղեցին պետք է ու կարող է նախաձեռնել խորքային բարեփոխումներ ու վերացնել կուսակրոնության արգելքը, եթե ըստ Միքայել Աջապահյանի տրտունջի, կուսակրոն եկեղեցականի համար էլ տանջանք է առանց կնոջ հետ կենակցելու մեկ ամիս ապրելը։
Եթե հոգևորականներն այդ ուժը չունեն խոստովանելու ու մեղքերի թողություն հայցելու, ապա լուծումը սա է։ Նրանց կանայք էլ են մեղք՝ ամբողջ կյանքում կրելով սիրուհու կարգավիճակը, երեխաներն էլ առավել մեղք են…
Ողջ հոգևոր դասն էլ անելանելի վիճակում է. տեսանելիորեն պարկեշտ հոգևորականները խուսափում են նրանց կարգալույծ անելու գործընթաց սկսելուց, բայցև այսպիսի չհերքված ու լուռ հաստատված փաստերից հետո ինչպե՞ս իրենց համարեն բոլորի հետ մեկ հավաքական մարմին, ենթարկվեն մերկացված հոգևորականների հրահանգներին ու պատգամներին»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր՝ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։
Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը, որից հետո եկեղեցու վերնախավը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից:
Հոգևոր դասը փաստացի չի հերքել սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու և կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին մեղադրանքները:
![]()