![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջոմ անդրադարձել է վերջին օրերի զարգացումների եկեղեցականների շուրջ․
Տեղի ունեցող զարգացումների մասին ավելի հանգամանալից՝ ինչպես խոստացել էի Տավուշից
Գրեթե մեկ տարի առաջ հրապարակային գրառումով զգուշացրեցի Մայր Աթոռին և հոգևոր դասին՝ չխաղալ քաղաքականություն, ավելի ստույգ ժողովրդական խոսքով ասած՝ չխաղալ կրակի հետ։
Երբ մտնում ես քաղաքականութուն, այլևս անձեռնխելի չես։ Տեղից որևէ հոգևորական օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով սակրալ չէ, սուրբ չէ, որքան էլ ավանդական դիմելաձևերում օգտագործվեն «հայր սուրբ», «սրբազան» կամ նման այլ բառեր։ Ու եթե մտնում ես քաղաքականություն՝ չի կարող գործել նաև հոգևոր դասի կամ հոգևորականի հանդեպ հավաքական / սոցիալական ակնածանքի կամ անքննելիության կարծրատիպային մոտեցումները, առավել ևս՝ եթե նրանց աշխարհիկ կյանքում, մեղմ ասած, հոգևորականին անվայել դրվագներ կամ պահեր կան։
Ցածր քաղաքական մշակույթով ժողովրդավարության պայմաններում, որտեղ, այո, կա բացախոսություն, բայց կան ցածր ստանդարտներ, ուզես թե չուզես պետք է պատրաստ լինես հայտնվել ամենատարբեր մանրադիտակների, խոշորացույցների տակ։ Առավել ևս երբ խոսքը վերաբերում է սահմանադրական ինստիտուտին։ Մի կողմից Սահմանադրությամբ Եկեղեցու ամրագրումը չի կարող ոչ օրինական դարձնել նրա անդամների հանրային լայն քննարկումը այդ թվում նաև բարձրագույն քաղաքական իշխանության կողմից, մյուս կողմից էլ, այո, կա ցանկացած անձի, այդ թվում՝ հոգևորականի անձնական, ինտիմ կյանքի իրավունք։ Թե որտեղով է անցնում այն կարմիր գիծը, որից ձախ մարդիկ կարող են քննարկել սահմանադրական ինստիտուտի՝ Եկեղեցու ներկայացուցիչների գործունեությունը, ընդհուպ բարոյական նկարագիրը, և որտեղ է սկսվում նրանց անձնական կյանքը, նույնքան անորոշ ու կամայական սահմանելի է, ինչպես վարչապետի, այլ պաշտոնյայի բարոյական / ընտանեկան նկարագիրը։ Ոչ մեկ չի կարող արգելել որևէ մեկին քննարկալ նման հրապարակային կամ պետական գործիչների բարոյական կերպարը, եթե այն առնչվում է հանրային բարոյականության հետ։ Ու մեծագույն ցանկության դեպքում ոչ պաշտոնյան կարող է նեղվել, երբ քննարկվում է իր հանրային բարոյական կերպարը, ոչ էլ քեռակնոջը «շատ սիրող» հոգևորականը․․․ Ու դա ոչ իմ կամքով է, ոչ էլ ուրիշի․․․
Ու անցած տարի զգուշացումս այն էր, որ երբ Մայր աթոռը սառեցնում է որևէ հոգևորականի վարչական կարգավիճակ, բայց ոչ հոգևոր կարգավիճակ, կամ ընդհուպ դա էլ չի անում այլոց դեպքում, բայց թողնում է, ավելին՝ լայն դուռ է բացում նրա/նց՝ քաղաքականություն մուտք գործելու ու ծավալվելու համար, ինքն էլ հարմարավետորեն «դիստանցավորվում», թե իբր կապ չունի այդ ամենի հետ, ապա Կաթողիկոսը և Մայր Աթոռը չեն կարող խուսափել իրենց որոշումների հարուցած հետևանքներից․․․ Այս ամենի պատասխանատուն առաջին հերթին իրենք են։ Եվ դա տեղի ունեցավ անցած մեկ տարում ու տեղի է ունենում այժմ։
Անցած 4 տարիների քաղաքական գործընթացներում Եկեղեցու ներգրավվածությունը չափազանց տեսանելի է եղել ու անհերքելի։ Եկեղեցին ու Կաթողիկոսը այդպես էլ չհասկացան, որ երկրում սահմանադրորեն կա աշխարհիկ իշխանություն, մեկ առաջնային մանդատ ունեցող՝ Ազգային ժողով և կառավարություն, ու որ նման երկրներում իշխանության լեգիտիմությունը լեգալ բնույթի է՝ ընտրովիության հիմքով, այլ ոչ թե «ավանդական»։ Չհասկացան, որ Եկեղեցին ու Կաթողիկոսը ոչ միայն տեղ չունեն աշխարհիկ իշխանության աստիճանակարգում /ու դա ոչ միայն մեր երկրում/, այլ նաև որևէ առաջնային մանդատ չունեն հակադրվելու տվյալ պահին ժողովրդի քվեն ստացած ու ժողովրդի պատվիրակմամբ իշխանություն ձևավորված ուժին կամ առաջին դեմքին։ Չհասկանալով շարունակեցին խրախուսել կամ չկանխել հոգևորականների՝ Կաթողիկոսից մինչև եպիկոպոսներ վարքագծեր, որոնք դասական ընդդիմադիր քաղաքականություն են։
Պատահակա՞ն էր Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին նախագահների ու Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո Գարեգին Բ-ին անվանումը «ընդդիմադիր Կաթողիկոս»։ Ոչ։ Որովհետև դա նույնիսկ շարքային քաղաքացիներին տեսանելի էր։ 2020թ․ պատերազմի ողջ շրջանում ու հետո Եկեղեցին որևէ կերպ չթաքցրեց իր միասնությունը ընդդիմադիր շարժումների՝ ՀՓՇ-ների հետ։ Այդքանից հետո ինչո՞ւ Բագրատ Գալստանյանը կամ Միքայել Աջապահյանը պետք է վարանեին քաղաքական շարժումներում առաջնորդությունից կամ մասնակցությունից։ Չէ՞ որ իրենք ավելի լավ գիտեն, որ քաղաքական գործընթացներում Կաթողիկոսի ներգրավվածությունը շատ ավելի մեծ է, քան անգամ իրենցը։
2024 և 2025թ․ տարեմուտին զարմանքից ապշել էի Արամ Ա-ի ու Գարեգին Բ-ի ամանօրյա ուղերձների քաղաքական բնույթից ու անգամ ուշադրություն հրավիրեցի դրա վրա։ Ու հարցը ամենևին այն չէր, որ Գարեգին Բ-ն «ավանդույթի» վրա հղումով փորձում էր պարտադրել Հանրային հեռուստաընկերությամբ իր տեսաուղերձի հեռարձակման ժամը։ Շատ ավելի վտանգավոր էր, որ նա իր ելութով մտնում էր արտաքին ու ներքին քաղաքականությունների դաշտ ու փորձում օրակարգ պարտադրել ժողովրդից մանդատ ստացած իշխանությանը՝ ինքը չլինելով մանադատակիր․․․ Ժողովրդից մանդատ ստացած իշխանության օրակարգի հետ կարող է ցանկացած մեկը անհամաձայն լինել, դրան ընդդիմախոս լինել, բայց սահմանադրական մի ինստիտուտ՝ Հայ Առաքելական եկեղեցին, չնայած իր բացառիկ դերի ճանաչմանը, չի կարող պարտադրել իշխանությանը վարել այլ քաղաքականություն։ Դա ուղղակի նոնսենս է ցանկացած իրավական երկրի համար։ Նման բան կարող են անել կրոնապետություններում, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում կամ Սիրիայում ստեղծված Իսլամական պետությունում, բայց ոչ Հայաստանում․․․
Սակայն, ակնհայտորեն Կաթողիկոսը որոշեց իր «էշը քշել մինչև վերջ» ու կանգ չառնել, ավելին՝ չկանգնեցնել խելահեղության մրցավազք մտած հոգևորականներին։ Արդեն կարծրացած տպավարություն ու հետևություն է, որ Կաթողիկոսն ու բարձր եկեղեցական դասը ուղղակի «պրոքսի պատերազմ են» մղում իշխանությունների դեմ՝ անձնապես փորձում են «դիստանցավորվել» ու շատ չերևալ, բայց հայտարարություններով կամ լռությամբ գործունեության դաշտ են բացում քաղաքական գործունեություն ծավալող հոգևորականների համար։ Այդ ամենը չէր կարող աննկատ մնալ իշխանության կողմից ու անցած տարի Սարդարապատում տեղի ունեցած տհաճ միջադեպը իշխանության վերաբերմունքն էր այդպիսի պահվածքին՝ երբ «տակից գործում ես», իսկ «երեսանց լուռ, անմեղ ու գրեթե սուրբ»․․․
Օրեր առաջ էլ զարմանալի էր հոգևորականների կողմից վարչապետի հայտարարությունների վրա կազմակերպված ու ֆլեշմոբային հարձակումը։ Զարմանալիորեն, այս անգամ Փաշինյանի խոսքում անգամ կարեկցանք, հոգատարություն ու ցավ կար որոշ եկեղեցիների «խորդանոցացման» կապակցությամբ։ Բայց արի տես՝ հոգևոր դասի առավել «ակտիվ անդամները» որոշեցին միանգամից անձնել վիրավորանքների՝ էլ ցավագար, էլ մոլագար․․․ Նման բան կարող է տեղի ունենալ միայն մի դեպքում՝ երբ ամեն ինչ կազմակերպված ու թույլատրված է վերևից, մանավանդ որ 2026-ին համապետական խորհրդարանական ընտրություններ են ու դու սպասարկում ես դրա հետ կապված ներքին կամ արտաքին օրակարգ։ Այսինքն, ինչ-որ կենտրոնից եկեղեցականների մի խումբ հստակ օրակարգ է ստացել «ներդրում ունենալ իշխանափոխության հարցում», եթե ոչ ավելի վատ բան՝ դրսից ստացած օրակարգ․․․
Իսկ դրա համար էլ հիմնավոր կասկած կարելի է ունենալ վերջերս տեղի ունեցած մեկ այլ միջադեպից․ երբ բալթյան երկրներ այցելության ժամանակ թեմի առաջնորդը «համարձակվել էր ոչ միայն ողջունել, դիմավորել ու բարևել ՀՀ վարչապետին», այլ տեքստ էր ասել խաղաղության օրակարգի ու Հայաստանի եվրաինտեգրման ուղղվածության հրամայականի մասին, ըստ որում բացառապես քրիստոնեական եվրոպային Հայաստանի պատկանելության համատեքստում․․․ Իսկ Մայր աթոռի քաղաքական հայտարարությունը, որով նրանք ուղղակի դատափետել էին թեմի առաջնորդին, մեղմ է ասել, թե նողկալի էր․․․ Իսկ այդ հայտարարությամբ Ռուսաստանի նախագահից մրցանակ ստացած Կաթողիկոսը իրեն «վառեց», որ ըստ էության նաև բացահայտ ընդդիմադիր է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիվիկացմանը, առավել ևս՝ եվրոպական ինտեգրմանը․․․
Կուզեք համաձայնեք կամ ոչ, որևէ իշխանություն չի կարող անտարբեր մնալ, այն էլ երկար ժամանակ, երբ ընտրություններում գեթ մեկ քվե չսատացած սուբյեկտը, թող որ լինի վստահություն ունեցող, պարտադրի ընտրություններով ձևավորված իշխանությանը, թե ինչ քաղաքականություն նա պետք է վարի․․․ Չկա նման իրավական, ժողովրդավարական երկիր։ Բայց մեր Կաթողիկոսը ետ չի կանգնում իր հեռահար մտադրություններից․․․ Վերջին տարիներին նա անընդհատ փորձել է «պրոքսի» ուժերով ու դեմքերով պարտադրել իր կամքը, ինչի սահմանադրական իրավունքը չի ունեցել, չունի ու չպետք է ունենա․․․
Ավելի վատ ու չերևացող բան կա․ 2013-ին, երբ Կրեմլն իր հատուկ ծառայություններով ճնշումները մեծացրեց Հայաստանին եվրաասոցացումից կտրելու ու ԵԱՏՄ մտցնելու համար, քչերը գիտեն, որ կոմպրոմատների տակ հակաեվրոպական արշավներում ներառվել էին ոչ միայն ԼԳԲՏ անձինք, որոնց սպառնալով ստիպում էին խոսել եվրոպական արժեքների դեմ, այլ նաև հոգևորականներ․․․․ Քչերը կհիշեն, որ այդ շրջանում անգամ պեդոֆիլ հոգևորականների մերկացումներ եղեն հավանաբար այն պատճառով, որ մերժել էին ընդգրկվել հակաեվրոպական կամպանիայում․․․ Այժմ էլ երբ նայում ես քաղաքականապես ակտիվ հոգևորականներին, համաձայն համացանցում շրջանառվող լուրերի՝ անձնական կյանքում խնդիրներ ունեցող հգոևորականներ են՝ կամ կուսակրոնությունը խախտած, ընտանիքատեր, բիզնեսատեր կամ շեղված վարքագծով՝ «քեռակին սիրող» կամ «երեխաներ սիրող» եկեղեցականներ․․․ Ու վախենամ այս անգամ էլ կոմպորմատները հզոր դեր են խաղացել, որ այդ մարդիկ խառնվել են քաղաքականությանը․․․
Թե ո՞վ է նրանց ստիպում անձնական խոցելիության պայմաններում չափազանց կտրիճ լինել իշխանությանը քաղաքական ձեռնոց նետելու հարցերում, կարելի է տարբեր ենթադրություններ անել։ Դժվար թե նրանք այնքան միամիտ են, որ հավատային, թե քաղաքականություն մուտք գործելու դեպքում իրենց անձնական կյանքը չի քննարկվելու ու իրենք անձեռնմխելի են․․․ Այդպիսի միամտություն կարող էր ունենալ մեկը, երկուսը, բայց ոչ շատերը․․․ Նշանակում է՝ ինչ-որ ցանց է գործում, ինչպես 2013-ին, և նրանք պարտադրված են «ցավագարվել»՝ իմանալով որ իրենց քեռակնոջ կամ նման պատմություն կա․․․․
Ակսպիսով, իշխանության ռեակցիան ամենևին պատահական չէ ու արդյունք է վերջին 4 տարիներին բարձրագույն՝ Կաթողիկոսի մակարդակով Եկեղեցու քաղաքական խառնակչության։ Ու, այո, այն տգեղ է, վտանգավոր, քանզի ոչ մեկ չի կարող արգելել քննարկել սահմանադրական ինստիտուտի ներկայացուցիչների հանրային բարոյական կերպարը, բայց որոշված ոչ մի կոնսենսուսային սահման չկա, թե ինչպես քննարկել Կաթողիկոսից մինչև սրբազան բարոյական կերպարները, որ դա նրանց ենթադրյալ դստերը կամ քեռակնոջ անկողնուն չհասնեն․․․
Այսօր Մայր Աթոռը հերթական «ցնցող հայտարարությունն է արել»։ Նախ իրենք էլ չեն կարողացել թաքցնել, որ փոխհրաձգությունը սադրած վարչապետի հայտարարությունները կարեկցանքով են ասվել, բայց շտապել են կասկածի տակ դնել դրա ազնվությունը․․․ Խելամիտ մարդը դա չէր անի, բայց կարծեք թե Գարեգին Բ-ն որոշել է խայտառակվել մինչև վերջ։ Տեքստում նրանք եկեղեցական ողջ դասին համարել են մեկ մարմին, կամ որ նույնն է՝ Կաթողիկոսը ակամայից ստանձնել է նախկինում առանձին հոգևորականների արարքների ու վարքագծերի պատասխանատվությունը։ Վերջապես, Գարեգին Բ-ն հայտարարել է, որ «զադնի չեն տալու» ու շարունակելու են սահմանել «ազգային-պետական շահեր», կամ որ նույնն է՝ չունենալով մանդատ թելադրել դրանք․․․ Իսկ սա, կներեք, արդեն մի բան է, որ ցանկացած իշխանություն իրավունք է տալիս գորդյան հանգույցը լուծել հարվածով․․․
![]()