Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն այն համոզմանն է, որ եկեղեցին, անջատ լինելով պետությունից և քաղաքականությունից, այսօր զբաղված է քաղաքական հարցերով և պետության մեջ իրեն որոշակի սեգմենտ է փորձում վերապահել՝ մտնելով դատողությունների դաշտ, որոնք հակասում են պետական շահին:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ որոշ եկեղեցիներ «չուլանի» տպավորություն են թողում, քանի որ դրանց ներսում բազմաթիվ անպիտան հին իրեր են լցրած:

«Մի տարօրինակ հոգևորական փողոցներն էր ընկած անցած տարի այս ժամանակ, մեկ ուրիշը Ստալինին էր մեջբերում, ստալինյան ժամանակները երանությամբ հիշում, էն մյուսը զինված հեղաշրջման կոչեր էր անում և այլն: Այս ամենը խոսում է բառի ամենալայն իմաստով ռեֆորմների անհրաժեշտության մասին»,- կարծիք է հայտնում Մեհրաբյանը:

Վերջինս միաժամանակ նկատում է՝ հայ հասարակության մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, այդ թվում՝ ինքը, սակայն այնտեղ տիրող բարքերը, երեսպաշտությունը բարձրաստիճան հոգևորականների շրջանում տհաճ են և անընդունելի:

«Այնուամենայնիվ, Հայ առաքելական եկեղեցու սպասավորների անվերապահ մեծամասնությունը պարկեշտ նորմալ մարդիկ են, ուղղակի հիերարխիայի մեջ տեղի է ունենում բացասական սելեկտը, դրա համար հարգարժան սրբազան հայրերը պետք է իրենք իրենց հաշիվ տան: Եվ երկրորդը, «Ձայն բազմաց ձայն Աստծո» սկզբունքը պետք է հասու լինի նաև բարձրաստիճան հոգևորականներին: Վարչապետն էլ, կարծում եմ, մի քիչ այլ բառամթերքով պետք է անդրադառնար այս հարցին, բայց նաև այդ երեսպաշտությունը պետք է ջրի երես դուրս բերվի»,- ասում է նա:

Խոսելով Էդգար Ղազարյանի այն առաջարկի մասին, թե իմպիչմենտի գործընթացի շրջանակում պետք է առաջադրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի թեկնածությունը, Մեհրաբյանը նշում է՝ «թող փորձեն, եթե որոշել են ընդհանրապես Եկեղեցին հավասարեցնել զրոյի, մենք էլ կհասկանանք, որ զրո է ու կնախաձեռնենք այն վերափոխելու պրոցես զրոյական կետից»:

«Իր ռեյտինգը մոտավորապես նույն ռեյտինգն է, ինչ Կիրիլի ռեյտինգը: Էնպես որ մենք գործ ունենք համակարգային աղետի հետ»,- նկատում է Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ կատարվողը նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել. «Ռուսաստանը բազմաշերտ հիբրիդային պատերազմ է վարում մեր դեմ, այդ թվում՝ պատրիարխ Կիրիլի «օրթախ» շրջանակների միջոցով: Վարչապետն ընդամենը մեջտեղ է բերում երեսպաշտության ամենավառ ու խայտառակ դրսևորումներից մեկը, մյուս կողմից էլ մեր Եկեղեցին ինքնին ռեֆորմի կարիք ունի, քանի որ այս կառուցվածքով Ստալինի 1946 թվականի ռեֆորմի արդյունք է, որից հետո որևէ փոփոխության չի ենթարկվել»:

Եզրափակելով Մեհրաբյանն ասում է. «Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն, գրած է այն գրքում, որը հոգևորականները քարոզում են: Բա կարդացե՛ք, լավ կարդացեք: Ձերը Աստծուն ծառայելն է, ոչ թե վարչապետի մասին մտահոգվելը, գնացեք մտահոգվեք ձեր անելիքների շուրջ, մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ թե լավ չեք հասկացել՝ ով եք, որտեղ եք և ինչ անելիք ունեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ