![]()
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով:
Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
««Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեն հրավիրում է մշակույթի և արվեստի բնագավառների գործիչների, հռետորության և ճարտասանության մասնագետների և շահագրգիռ այլ անձանց՝ մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության հանձնաժողովի» աշխատանքներին:
Հանձնաժողովի նպատակներն են՝
— Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցության և հանրային խոսքի մշակույթի հաստատումը, հանրային միջավայրի լիցքաթափումն ու իրար հետ խոսելու, իրար համբերատար լսելու կարողության զարգացմանը:
— Հանրային ապակառուցողական միֆերի և արատավոր վարքի մոդելների վերարտադրության խաթարումը, կրթության, աշխատանքում արդյունավետության և մրցունակության մոդելներով դրանց փոխարինումը։
— Այն գիտակցության արմատավորումը, որ բարեկրթությունը և համամարդկային արժեքների վրա հենված գիտակցությունը աշխատանքային և այլ հանրային միջավայրերում ընկալվելու և գնահատվելու, մրցունակ լինելու պայման և գրավական են, որ բարեկրթությունը շարունակաբար բարելավելի գիտելիք և հմտություն է։
— Ներդաշնակ և ներառական համակեցության հիմնարար սկզբունքների արմատավորումը։
Հանձնաժողովն աշխատանքը կատարելու է աշխատանքային քննարկումների և նիստերի ձևով, այդ թվում՝ հեռավար։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով ձևավորված բովանդակությունը ներկայացվելու է կենտրոնական կոմիտեին՝ դրա հետագա հանրայնացումը կազմակերպելու համար։
Եթե կիսում եք մեր Ռազմավարության գաղափարները, խնդիրներն ու նպատակները և պատրաստ եք մասնակցելու «Կրթվելը նորաձև է» շարժմանը որպես «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողովի անդամ, խնդրում ենք գրել մեզ learningistrendy.mystep@gmail.com էլ. հասցեով՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականն ու շատ կարճ մոտիվացիոն նամակը (մինչև 250 բառ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()