![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության մայիսի 29-ի նիստում անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքին։
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր քննարկվում է հանրությանը հայտնի «Վիվարոյի Վիգեն»-ի եղբոր որդու հարսանիքը։
Ըստ վարչապետի՝ համալիրը տարիներով քանդվել է, քայքայվել ու հիմա միլիարդներ են ներդրվել, բայց դեռ չեն կարողացել քայքայման պրոսեցը կանգնեցնել։
«Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա… հարյուրավոր ընտանիքներ գնում, Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգ աշխատել, երաժիշտները կարող են հավելյալ գումար ստանալ… չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ այս մոտեցումն է նաև մեր եկեղեցիների նկատմամբ։
«Վերջերս մի քանի տաճարներում մոմ վառելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց տվեցի՝ մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել…»»,- ասել է Փաշինյանը և հավելե, թե եթե հիմա ասեն, որ պետք է համալիրի վրա խաչ դնեն՝ մեծ ակտիվություն կառաջանա։
Վարչապետի խոսքով՝ դա կդիտվի որպես նվիրական առաջարկություն:
«Այ, որ լավ հոգեհանգիստ լինի, կարելի է անել, բայց հարսանիք թող գնան Դուբայում անեն, սա հարսանիք անելու ի՞նչ տեղ է, Հայաստանը ձեզ համար հարսանիք անելու տե՞ղ է… խելագարվել կարելի է ուղղակի»,- եզրափակել է Փաշինյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()