Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը և Ռուսաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան փորձում են մոլորեցնել ժողովրդին: Ըստ նրա՝ չի բացառվում, որ մի օր էլ նրանք հայտարարեն, թե «Ռուսաստանն ուզում է, որ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությունը հետ վերադառնա, սակայն Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում դա»:

Պատգամավորի խոսքով, սակայն, Ռուսաստանը ԼՂ-ում ստանձնել էր անվտանգային երաշխավորությունը և չպետք է թույլ տար, որ էթնիկ զտում տեղի ունենար: Նա այն կարծիքին է, որ ռուսները և ադրբեջանցիները համատեղ են հայաթափել Լեռնային Ղարաբաղը:

Մելքոնյանը վստահեցնում է՝ Հայաստանի իշխանությունները ուզում են, որ ԼՂ բնակչությունը վերադառնա Արցախ, սակայն դրա համար անվտանգային երաշխիքներ են հարկավոր:

Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե ՀՀ-ում ԼՂ ինստիտուտները պետք է պահպանվեն՝ Մելքոնյանն ասում է՝ «Շահրամանյանը և մյուսները ԼՂ-ում իրենց սև գործն արեցին, հիմա ուզում են ՀՀ բնակչությունն էլ հայրենազրկվի»:

Նրա կարծիքով՝ նպատակ կա Հայաստանը դարձնել ծայրագավառ և գավառապետ կարգել Ռոբերտ Քոչարյանին, իսկ Քոչարյանին դա հարկավոր է՝ ապօրինի ունեցվածքը պահելու համար:

Վերջինս պնդում է՝ գործող իշխանությունը վարում է բալանսավորման քաղաքականություն՝ փորձելով բոլոր երկրների հետ պահել լավ հարաբերությունները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելուն, իշխող ուժի անդամը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանը պարտք է ՌԴ-ին ԼՂ հարցով, և եթե ՌԴ-ն ցանկանա, որ Խաղաղության պայմանագիրը կնքվի, երկու ժամից կլինի դա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ