Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք և ՀՀ-ի օրակարգն ենք սպասարկում. Ալեն Սիմոնյան

«Մեր թիմի մեջ հակասություն չկա, մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք: Պարոն Միրզոյանն ԱԳ նախարարն է և դիվանագիտության պատասխանատուն, և կարող է լինել շատ ավելի դիվանագետ, շատ ավելի զսպված, ես քաղաքական մարմնի ղեկավարն եմ, ես պատգամավոր եմ, ես ազատ եմ քաղաքական հայտարարություններ անել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի վերաբերյալ իշխանության կողմից հնչող հայտարարություններին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ՀՀ այցի մասին՝ ԱԺ նախագահն ընդգծեց. «Այն, ինչ տեղի է ունենում՝ նորմալ է: Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք և ռեալ ՀՀ-ի օրակարգն ենք սպասարկում: Այն խնդիրները, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, դրանք օրակարգից դուրս չեն եկել: Ճանապարհն է՝ այդ հարցերը բարձրացնել և, միևնույն ժամանակ, այլ տարբերակներ փնտրել: Լավ բան չէ երկիրն ամբողջությամբ մեկ խողովակից կախելը: Մոսկվան ունի իր օրակարգը, ՀՀ-ն ունի իր օրակարգը»:

Անդրադառնալով նաև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցություններին՝ Սիմոնյանը նշեց. «Խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումը շարունակվում է, շարունակվելու է և կարծում եմ՝ մոտ ապագայում ավելի ռեալ ինֆորմացիա կլինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ