Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ԱԺ հայտարարության նախագիծ, որը բացասական եզրակացություն էր ստացել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:

Այն խորհրդարանում նիստի ընթացքում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նախագծի հիմնավորումն այն է, որ այս տարի լրանում է հաղթանակի 80-ամյակը, ու շատ երկրներում այս առիթով տարբեր խորհրդանշական միջոցառումներ են իրականացվում: Ըստ այդմ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է հայտարարություն ընդունել, որի անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և դրանում հայ ժողովրդի մասնակցությամբ․ «Այս նախագիծը ոչ միայն պետք է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն ստանար, այլև լիագումար նիստում քննարկվեր և դրական ձայների արժանանար, քանի որ խոսքը մեծ հաղթանակի և դրանում հայ ժողովրդի ու նրա զավակների զգալի ավանդի, դրա անհերքելի փաստերի մասին է, որոնք ողբերգական թվացող ապագայից վերածվեցին հույսի, լույսի, հաղթանակի ու այս տարածաշրջանում հայերի գոյության պահպանման ու վերելքի»։

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, թե տեքստում արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցող իրադարձություններ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրումը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ն առհասարակ ընդունել է 14 հայտարարություն, որոնք վերաբերել են հրատապ հարցերին, օրինակ՝ Ադրբեջանի կողմից ագրեսիային, ԼՂ-ին առնչվող հումանիտար խնդիրներին, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հանրապետական պատգամավորներն առաջարկում հենց այս առիթով ընդունել հայտարարություն․ «Այս հարցին ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց (վերջինս դա ասել է հանձնաժողովի նիստին – խմբ.), որ նախորդ հոբելյաններին, օրինակ, մեր զորախումբը քայլել է Կարմիր հրապարակում, և քանի որ մեր զորախումբն այս տարի չի քայլել, ապա նման հայտարարություն ընդունելը յուրօրինակ կոմպենսացիա է»։

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, դեմ՝ 54, ձեռնպահ՝ 2, որոշումը չընդունվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ