Ունենալ համաձայնեցված, ստորագրման պատրաստ տեքստ, մեծ ձեռքբերում է, բայց պետք է լինի շարունակություն. Փաշինյան

Մեր ռազմավարական որոշումն է՝ մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին: Ես հույս ունեմ, որ կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այս մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով խաղաղության օրակարգի վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները և հույս հայտնելով, որ լիարժեք և ամբողջական պատասխանատվությունը կիրացվի:

«Ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունները բաց չթողնվեն, և թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետև, իհարկե, ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ, և այն փաստը, որ մենք այս միջավայրում՝ միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում, կարողացանք ավարտին հասցնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն՝ ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա, իհարկե, շատ կարևոր և մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Սլովակիան առաջին երկրներից էր, որ ողջունել է խաղաղության շուրջ բանակցությունների ավարտը, և այն երկրներից, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը:

Այս համատեքստում վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆիցոյին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ