Տատերս լավ խոսք ունեին նման կատեգորիայի համար’ լեշակերներ, որոնք նույնիսկ ամենասուրբը կարող են դարձնել նողկալի նպատակներին հասնելու միջոց.Սաֆարան

Այսօր շատերն են կտրուկ կամ մեղմ անդրադարձել մեղրաձորցի 2-ամյա Տիգրանի ողբերգական մահվան, նրա ընտանիքի սգի վրա լայք ու դիտում հավաքող էջերին, կայքերին, անթաքույց «էստի համեցեք»-ով հաճախորդներ հավաքող բալզակյան տարիքի կամ սկսնակ էքստրասենսներին… Երևույթը նոր չէ ու միակը չէ… 2016-ի, 2020-ի, 2023-ի պատերազմներից հետո էլ հերոսացված կամ սխրանք գործած տղերքի, հայկական բանակի նկարներով էլ բացահայտ էջերի հավանումներ ու հետևորդների բանակ էին ավելացնում, որ հավանաբար հետո էջը կամ խումբը թանկով վաճառեն որևէ կոմերցիոն ընկերության վրա, կամ մտցնեն ինֆորմացիոն ինտրիգների կամ մանիպուլյացիաների դաշտ։

Տատերս լավ խոսք ունեին նման կատեգորիայի համար’ լեշակերներ, որոնք նույնիսկ ամենասուրբը, ամենապաշտպանվածն ու ամենաանպաշտպանը, ամենաանձեռնմխելին կարող են դարձնել նողկալի նպատակներին հասնելու միջոց։

Իսկ էքստրասենսների «պահանջարկի» վրա պետք է զարմանայինք դեռ այն ժամանակ, երբ երբեմնի թիվ 1 փեսայի հեռուստաընկերություններից մեկով նրանց «ֆենոմենալ տաղանդը» հանրայնացնող ու գովերգող հեռուստահաղորդումների շարք կար, իսկ աստղաբաններն էլ մամուլի բեսեդկաներում ասուլիսներ էին տալիս տասնյակ կամերաների ու լրագրողների մասնակցությամբ։ Մենք հնձում ենք այն, ինչ տարիներով ցանել են մեր համար ու դրանով հասարակություն է ձևավորվել, «կրթվել» ու «հասունացել»…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ