Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար

Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային, և մեր քաղաքացիները ՀՀ-ում կարիք չեն ունենա իրենց մոտ ունենալ վարորդական վկայական:

Այս մասին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Մենք ԱԺ-ին առաջարկելու ենք հետևյալը. մեր այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն պլաստիկ վարորդական վկայական, օրենքն ուժի մեջ մտնելու պայմաններում՝ 2025-ի սեպտեմբերի 1-ից, ինքնաշխատ կերպով փոխակերպվելու են թվայինի: Այսինքն՝ օրենքն ուժի մեջ մտնելու պայմաններում մեր քաղաքացիները որևէ գործողություն կատարելու պարտականություն չեն ունենալու:

Այդ օրվանից սկսած ՀՀ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարիք չեն ունենա իրենց մոտ ունենալ պլաստիկ քարտերը, և, եթե, պայմանական, պարեկը կանգնեցնում է տրանսպորտային միջոցը, համակարգում առկա թվային վարորդական վկայականը բավարար կլինի, որպեսզի պարեկային ծառայողը հավաստիանա, որ անձը ունի վկայական, և վարչական պատասխանատվություն չի առաջանալու»,- ասել է նախարարը:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ առաջին ագամ վարորդական վկայական ձեռք բերող անձինք եթե կնախընտրեն ունենալ պլաստիկ վկայական, ապա դա կարող են ստանալ:

«Եթե անձը ցանկանա ունենալ վկայականի պլաստիկ տարբերակը, պայմանականորեն կարող է դուրս գալ ՀՀ տարածքից, և այն իրեն պետք է լինելու, նախընտրելի է, այս դեպքում ևս առանց հավելյալ վճարի թվային վարորդական վկայականը ավտոմատ կարտացոլվի մեր համակարգում: Բայց, եթե կարիքը չեն ունենա այդ պահին պլաստիկ վկայականի, ապա փոքր տուրքի դիմաց կունենան ձևակերպված թվային վարորդական վկայական, հետագայում եթե ցանկանան պլաստիկը, կարող են դիմել և ստանալ այդ վկայականը»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ