Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա. Գաբրիելյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով գումարի դիմաց կարճ ժամկետով ծառայելու նախագծին՝ միևնույն ժամանակ նկատելով, որ թեպետ չի ցանկացել այս թեմային անդրադառնալ, սակայն, ըստ նրա, պետք է վառ օրինակով ցույց տա, թե «որքան մեծամիտ ենք»:

«Նախ և առաջ. չնայած ինքս օրենքի ուղիղ շահառու եմ, ի դեպ, շատ ավելի պրոբլեմատիկ շահառու, քան այն մարդիկ, ում որդիները բնակվում են Հայաստանում, քանզի իմ որդին, ՀՀ քաղաքացի լինելով, փաստացի 5 տարեկանից այլ երկրում է բնակվում, և ինձ համար գաղափարապես խնդրահարույց է լինելու նրա չծառայելը՝ մի կողմից, առավել ևս, որ քաղաքականությամբ եմ զբաղվում, բայց մյուս կողմից՝ ես չեմ կարող չափահաս, գիտակից մարդու որոշումների վրա ազդել:

Ըստ այդմ՝ ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով նրա, ըստ էության, ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա:

Միևնույն ժամանակ. ինչպես նախորդ նախագծին՝ «դասալիքներին» փողով ազատելու, այդպես էլ այս մեկին գաղափարապես և սկզբունքորեն դեմ եմ, նաև բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, սկսած նրանից, որ չեմ տեսնում պատշաճ վերլուծություն և հիմնավորվածություն, վերջացած նրանով, որ որքան էլ եղած խնդիրները բավականին պատշաճ են արձանագրված, բայց լուծումը կրկին ոչ խորքային է՝ օպերատիվ է, մատուցումը՝ թերի, ունենք խնդիր, սենց լղոզած լուծումով իբր փակենք, չնայած, որ խորանանք, բազմաթիվ խնդիրներ է բերելու, կարող եմ հատ առ հատ հիմնավորել, առավել ևս, որ զորակոչային համակարգին կյանքի բերումով (ընկերներս գիտեն) հինգի ծանոթ եմ:

Սակայն խոսքը այդ մասին չէ, խոսքը այլ բանի մասին է: Կա օրենքի փոփոխության նախաձեռնություն իր նախաձեռնողով, որը խորապես համոզված է, որ ճիշտ է, կան դրան ընդդիմացողները, ի դեպ, ծայրահեղ ընդդիմացողներ՝ տարբեր ոճի սարկազմից սկսած, անգամ մինչև անձնական վիրավորանքով հանդես եկողներ, կան բուն շահառու հանդիսացող, կարծիք արտահայտող մարդիկ:

Հիմա ես երեկվանից հետևում եմ որոշ արձագանքներին ու քննարկումներին, և քննարկումներ կան, որոնց մեջ բերված հիմնավորումները ինձ մտածելու տեղիք են տալիս, թե որքանո՞վ է տեղին իմ գաղափարապես և սկզբունքորեն դեմ լինելը, ոչ թե բովանդակությանը (ըտեղ ահավոր շատ գործ անելու կա, առնվազն ԱԺ փորձագիտականի եզրակացությունը կարդաք՝ ինքներդ կտեսնեք բացասական եզրակացությունը), այլ բուն գաղափարին: Եվ հանգում եմ այն մտքին, որ այդ կտրականապես դեմ լինելս գուցե այդքան էլ հիմնավոր չէ, առավել ևս, որ մարդիկ բավականին ռացիոնալ փաստարկներ են բերում, որոնք դրական կողմերն են հիմնավորվում, ըստ այդմ՝ թեման պետք է ավելի խորքային ուսումնասիրել:

Հիմա ինչ եմ ուզում ասել. խոսքը հետևյալի մասին է. էս ծայրահեղից ծայրահեղ կարծիքները հենց իմ ասած մեծամտությունն են, որոնք հիմնված չեն հստակ փաստարկված հիմնավորումների հիման վրա, այդ ծայրահեղությունն ուղղակի փակում է հետագա քննարկման հնարավորությունը, առավել ևս, որ ես բոլորին հատ առ հատ ճանաչում եմ, և պարզից էլ պարզ է՝ ամենալավը, ամենագիտակը երևալու ցանկությունը չի թողնելու քննարկման մեջ նահանջելու և չասեմ՝ սխալը ընդունելու, այլ առնվազն ոչ խորքային խնդիրը ուսումնասիրելու տեղ:

Եվ փասն այն է, որ վերջում կարող են տուժել ոչ թե նախաձեռնողները կամ ընդդիմացողները, այլ շահառու շրջանակները (ի դեպ, բուն մեկը չէ), բայց դե դա մեզ երբ է հետաքրքրել որ, մենք ամեն ինչ գիտենք՝ չընդունելով, որ իրականում շատ քիչ բան գիտենք:

Ոճը պետք է փոխենք, ձևից պետք է անցնել բովանդակությանը, դրան այլընտրանք չկա:

Հ.Գ. Առաջիկայում դեռ կանդրադառնամ օրենք մշակելու և օրենսդրական փոփոխություններով հանդես գալու իմ պատկերացումներին»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ