Ցեղասպանության հարցը քոչարյանասերժական ընդդիմության համար քաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոց է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ամիսներով աշխատանքի չի ներկայանում, երեկ ընդամենը մեկ օրով եկել էր ԱԺ, և ԱԺ նիստերի դահլիճում սկզբում նրա մասնակցությամբ տեղի ունեցավ լեզվակռիվ, այնուհետև քաշքշոց, ինչից հետո Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրավիճակը լարվեց, քանի որ իրենք Ցեղասպանության վերաբերյալ նախագիծ են բերել։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ։

«Ես կարող եմ վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ։ Մենք նկատեցինք, որ ընդդիմությունն էլի կեղծ օրակարգ է փորձում գեներացնել, առ այն, որ Ցեղասպանության քրեականացման մասին են սկսել խոսել, այնինչ ՀՀ-ում Ցեղասպանությունը քրեականացված է, և մեր իշխանության օրոք մենք ենք ավելի խստացրել այդ դիսպոզիցիան։ Եվ այստեղ հարց է առաջանում. եթե հիմա բերել եք, կներեք, էլի, դուք էս տասնքանի տարի ա՝ կոալիցիոն կառավարման մեջ էիք, տենց Ցեղասպանության ճանաչման համար պայքարող էիք և դրա ուրացումը պատժող էիք, նախորդ 20 տարիներին Ցեղասպանության ուրացման վերաբերյալ օրենսդրություն բերեիք, էն, ինչ որ հիմա էիք ուզում բերել, բերեիք՝ ո՞ւր էիք, նոր ա՞ տեղի ունեցել Ցեղասպանություն՝ ուզում եմ հասկանալ։ Եվ հետևաբար սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ սա միջոց է Ցեղասպանության հարցն օգտագործելու, քաղաքական դիվիդենդ հավաքելու»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ սա շատ անհաջող փորձ է, որովհետև հայ ժողովուրդը շատ լավ ամեն ինչ տեսնում է, և երեկվա միջադեպն էլ եկավ դա ապացուցելու, այն իմաստով, որ լրատվական հոսքերը սկսեցին ուղեկցել այդ միջադեպը հենց այդ կոնտեքստում, թե իբր Ցեղասպանության հարց էր քննարկվում, մեկ էլ միջադեպ տեղի ունեցավ։

Այնինչ, պատգամավորի խոսքով, երեկ ԱԺ-ում ընդհանրապես նման հարց չի քննարկվել, ընդդիմությունից մեկն իր ելույթում ինչ-որ մի 20 վայրկյանանոց տեքստ է ասել և վերջ, որին ոչ արձագանք է եղել, ոչ պատասխան, ոչ դրա վերաբերյալ քննարկում։

«Եվ, այո, սադրեցին իրավիճակը, առաջին հերթին, մշտապես ԱԺ շենքում չգտնվող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից փախած, արագավազ դաշնակ Իշխան Սաղաթելյանն էլի մի պահ հայտնվեց ԱԺ դահլիճում, գոռգոռաց, ինչ-որ արտահայտություններ իրեն թույլ տվեց, ԱԺ նախագահին խանգարեց նիստը վարել: Եվ այս նկատողության ընթացքում էլի ԱԺ նախագահի նկատմամբ խուլիգանական պահվածք և վիրավորական արտահայտություններ հնչեցին, ինչին մենք արձագանքել ենք և արձագանքելու ենք նման կերպ։ Իհարկե, ես ևս մեկ անգամ պետք է ներողություն խնդրեմ մեր ժողովրդից, որ ականատես են լինում, որովհետև հիմա մենք էլ ենք մասնակից դառնում այդ միջադեպերին, ցավոք սրտի։ Բայց մարդ ենք՝ միս ու արյունից, էմոցիոնալ ենք»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում

31 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ