Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնել են Կիև։
Այս մասին Մակրոնը հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
«Կիևի ճանապարհին։ Ուկրաինայի, Եվրոպայի համար»,- գրել է նա ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և լեհերեն։
Մակրոնը նաև հրապարակել է լուսանկար, որտեղ նրանք նստած են սեղանի շուրջ՝ իրենց երկրների դրոշների դիմաց։
Ֆրանսիական Le Figaro-ն գրում է, որ այցը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և 30-օրյա լիակատար և անվերապահ հրադադար պահանջել: Հրատարակությունը եվրոպական երկրների առաջնորդների Կիև այցը անվանել է խորհրդանշական պատասխան Մոսկվայում Հաղթանակի տարեդարձի շքերթի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին, որը տեղի է ունեցել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում:
«Մենք շարունակում ենք մեծացնել մեր աջակցությունը Ուկրաինային։ Մենք կմեծացնենք մեր ճնշումը ռուսական ռազմական մեքենայի վրա, մինչև Ռուսաստանը չհամաձայնվի երկարաժամկետ հրադադարի»,- առաջնորդների համատեղ հայտարարությունից մեջբերում է անում Le Figaro-ն։