![]()
Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում փողոցի երթևեկելի հատվածը փակ պահելու համար սահմանվելու է առավելագույնը 15 րոպե ժամանակ, և նշված ժամանակահատվածը գերազանցելու դեպքում պատասխանատվություն է նախատեսվում՝ որոշ բացառություններով։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի մշակած նախագիծը։
«Նախագիծը գերատեսչությունների հետ քննարկելուց հետո վերադարձել է Երևանի քաղաքապետարան»,- մանրամասնեց Մարգարյանը՝ նշելով, նախագծի վերաբերյալ կարծիքներ չեն ներկայացրել միայն ՀՀ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, սակայն նախագիծն ամբողջությամբ ամփոփվել է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծին՝ ընդգծելով դրա կարևորությունը։
«Երևան քաղաքում նոր էական կարգավորումներ են մտցվելու, որոնք պայմանավորված են տասնյակ տարիներ չլուծված խնդիրներով, և շատ կարևոր է արդեն այս նախագծով մի փոքր ինտենսիվ զբաղվելը։ Ես անձամբ կսկսեմ զբաղվել, Ազգային ժողովի մեր գործընկերների հետ էլ կխոսեմ, և այս նախագիծը մաքսիմալ արագ պետք է ընդունվի՝ անկախ նրանից, թե որևէ մեկը կարծիք տվել է, թե չի ուզում տալ»,- եզրափակել է Ավինյանը։
![]()