Կդիմանանք, միայն պոկվենք. ինչ խնդիրներ կառաջանան ԵՄ գնալու ճանապարհին, ինչ քայլերի կդիմի ՌԴ-ն. տեսանյութ

«Ռուսաստանը բոլոր երկրների, ժողովուրդների միջև կոնֆլիկտներն օգտագործում է իր շահերի տեսանկյունից»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն ու հավելում, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը նույնպես օգտագործել է ՌԴ-ն՝ փորձելով կողմերին ամենատարբեր զիջումներ ու քայլեր պարտադրել:

Ըստ քաղաքագետի, սակայն, անհիմն են մեղադրանքները, թե Հայաստանն է Ռուսաստանից երես թեքել և դրա համար կրել հետևանքներ:

Դալլաքյանի համոզմամբ՝ Ռուսաստանն այստեղ երբեք չի ուզենա խաղաղություն և երբեք էլ Ղարաբաղի հարցը չի փակելու: Քաղաքագետի կարծիքով՝ նա հիմա էլ է սնուցում իր ուժերին, որոնք պնդում են, թե պետք է կատարել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, կամ խոստանալ, որ եթե իրենք դառնան վարչապետ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձի հնարավորություն կունենա:

Քաղաքագետը նկատում է՝ այն պնդումները, թե Հայաստանն այլևս Ռուսաստանին պետք չէ, սուտ են, քանի որ, եթե այդպես լիներ, Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը այդքան ցավագին չէին ընդունի:

Դալլաքյանի համոզմամբ՝ ռուսական զորքերը սպառնալիք են Հայաստանի համար, քանի որ այնտեղ, որտեղ նրանք էին, Ադրբեջանն առաջ էր գալիս: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ռուսաստանն այս պահին թույլ է, չի կարող և չի էլ ուզում Հայաստանին օգնել:

Քաղաքագետն ընդգծում է, որ լիովին համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ Ռուսաստանը չի կարող լինել օբյեկտիվ միջնորդ հայ-ադրբեջանական խաղաղության համատեքստում:

Միաժամանակ Դալլաքյանը նկատում է՝ Ռուսաստանից հեռանալու ճանապարհին կարևոր է նրան չգրգռելը, քանի որ երբ գոռում ենք այն մասին, որ պոկվում ենք Ռուսաստանից, տեղիք ենք տալիս այդ երկրին՝ մունաթ գալու մեզ վրա:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ