![]()
Մոլդովայի իշխանությունները հայտարարել են Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռուսական տուն) փակելու որոշման մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է 1998 թվականին մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության մասին մոլդովա-ռուսական միջկառավարական համաձայնագրի միակողմանի չեղարկման մասին՝ կապված ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի կողմից երկրի օդային տարածքի խախտման հետ:
Դադարեցման ընթացակարգի ավարտից հետո Ռուսական մշակութային կենտրոնը պետք է դադարեցնի գործունեությունը Մոլդովայում։ Միաժամանակ, Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ։
Նրան խիստ բողոք է հայտնվել այդ անընդունելի խախտումների դեմ՝ ընդգծմամբ, որ նման միջադեպերը լուրջ վտանգ են ներկայացնում անվտանգության, Մոլդովայի և նրա քաղաքացիների համար։ «Ռուս դիվանագետին հայտնել են, որ նման գործողություններն ազգային ինքնիշխանության խախտում են և հերթական ոչ բարեկամական ժեստը Ռուսաստանի Դաշնության կողմից»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Որպես ապացույց՝ ՌԴ դեսպանին ցույց են տվել Մոլդովայի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքերի բեկորները։ Քիշնևը «ևս մեկ անգամ կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել այդ ներխուժումները և խստորեն հարգել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրապարակել էր ռուսական «Գերան» անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարը։ Ռուսաստանում այդպես են անվանում իրանական «Շահեդ»-ների անալոգները։
««Շահեդ» անօդաչու թռչող սարքերը խախտել են մեր օդային տարածքը, դրանցից երկուսը պայթել է մեր հողի վրա՝ վտանգի տակ դնելով մոլդովացիների կյանքը»,- ասել է Սանդուն։
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել էին Ուկրաինայի Օդեսայի շրջանի վրա, որը սահմանակից է Մոլդովային։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի իշխանությունների պահանջով փակվել էր Բաքվի «Ռուսական տունը»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
![]()