![]()
«Սա մի գործընթաց է, որին ՀՀ-ն ուզում է մաս կազմել»,- անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր ընդունված ԵՄ-ին ՀՀ- անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 24News-ի հետ զրույցում:
Մեկնաբանելով ՌԴ-ից հնչող մեկնաբանություններն այս հարցի շուրջ՝ պատգամավորը նկատեց.«Այսօրվա եղած իրավիճակն արտաքին աշխարհում, իհարկե, որոշակի դժվարություններ է ստեղծում, բայց կարծում եմ՝ ապագայում այդ միավորումները, որոնք գոյություն ունեն, թե ԵՄ-ն, թե Եվրասիական միությունը դրանք նույնպես ունենալու են կոոպերացիաներ, ունենալու են փոխհարաբերություններ, ունենալու են ինչ-որ մի աստիճանի տնտեսական հարթակներ»:
Սուքիասյանի համոզմամբ հայկական պատմությունը վկայում է, որ ՀՀ-ն միշտ տարածաշրջանում եղել է և՛ արևմուտքի, և՛ արևելքի խաչմերուկում, այլ պետությունների հետ տարբեր տնտեսական համագործակցության առաջնային դրոշակակիրը հայերն են եղել:
«Հասկանում եմ մեր ռուս գործընկերների արտահայտությունների քաղաքական ենթատեքստերը և նաև դիվանագիտական մասով: Եթե հանկարծ աշխարհում այս լարվածությունը թուլանա, կարծում եմ ավելի հեշտությամբ են նայելու կամ այդ կարգի դժվարությամբ չեն մոտենալու այդ հարցերին: ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ՀՀ շահից բխող որոշումներ է կայացնում, կարծում եմ՝ սա լավագույն տարբերակներից մեկն է», — ընդգծեց ՔՊ պատգամավորը:
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե դեռ տնային աշխատանք չարած, ՀՀ-ն ուզում է մտնել ԵՄ, պատգամավորն առաջարկեց ամեն ինչին այդքան սուր և կտրուկ չնայել.«Մենք ուզում ենք՝ ՀՀ-ն բոլոր հնարավոր զարգացող հարթակներից օգտվի: Իհարկե, ԵՄ-ն այլ հարթակ է, պետք է որոշ չափով արդիականացնես արտադրանքը, պետք է որակը բարձրացնես, իհարկե, շատ մեծ հնարավորություն է»,- նշեց նա ու հավելեց, որ ՀՀ բարեկցությունն ավելի բարձր մակարդակով ապահովելու համար կարևոր են շփումները թե եվրոպական մշակույթի, թե շուկաների և թե ստանդարտների հետ:
«ԵՄ-ի ստանդարտներով հազարավոր ապրանքներով մենք ԵՄ-ում կարող ենք ներկայանալի լինել և մրցունակ՝ ադամանադագործություն, ոսկերչություն»,- նկատեց պատգամավորը: Ըստ նրա, ստանդարտներին հետևելու դեպքում հայկական սնունդը, գինին և այլ տարատեսակ ապրանքներ ևս կարող են հայտնվել ԵՄ շուկայում:
Այն հարցին, թե կարող է ի վերջո ՌԴ-ն ընտրության առաջ դնել ՀՀ-ին, նա պատասխանեց.«Չեմ կարծում, որ երբ խոսքը գնում է շուկաների, միավորումների մասին այդպիսի կտրուկ գործողություններ անել»:
Նաև նկատեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում բավականին հաջողված ներկայություն ունի՝ ըստ բոլոր նորմատիվների:
![]()