![]()
Ազգային ժողովը՝ 63 կողմ, 7 դեմ և 0 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Փաստաթղթի վերջնական ընդունման համար դեռ ժամանակ ու աշխատատար գործըթնաց կա, սակայն պետք է փաստել, որ սա անկախ Հայաստանի պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է։ Իրադարձություն, որը ժամանակ անց կարող է փոխել Հայաստանի ճակատագիրն ու առաջնըթացը։
Դեռևս մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ ռուսական հզոր ճնշման տակ գտնվող Հայաստանը կարող է ամենաբարձր մակարդակով քննարկել այս հարցը և հայտ ներկայացնել Եվրաընտանիքին միանալու գործընթաց սկսելու համար։
Ամիսներ առաջ քաղաքացիական նախաձեռնությամբ սկսվեց ստորագրահավաք՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակացության հարցը հանրաքվեի դնելու համար։ Նախատեսված 50 հազարի փոխարեն նախաձեռնող խումբը հավաքեց 60 հազար ստորագրություն։ Սա թերևս վկայում է, որ հասարակության շրջանում նույնպես գաղափարական մտածելակերպի փոփոխություն է տեղի ունեցել և այսօր հասարակության զգալի մասը Հայաստանի ապագան սկսել է տեսնել արևմտյան քաղաքակակրթության ծիրում։
Հայաստանն այսօր առաջին քայլն արեց դեպի ԵՄ անդամակցություն: Բնականաբար խորհրդարանի այսօրվա որոշումը մեծ գործընթացի փոքր քայլն է և այն չպետք է գերագնահատել ու միանգամից մեծ ակնկալիքներ ունենալ։ Եվրամիություն տանող ճանապարհը չափազանց բարդ և ժամանակատար գործընթաց է։ Այն կտևի տարիներ, նույնիսկ գուցե տասնամյակներ, սակայն այդ ժամանակահատվածն ինքնին արդեն մեզ հնարավորություն է տալու էապես փոխելու և բարելավելու մեր ներքին կյանքը։
Անխոս Եվրոպան վաղը կամ մյուս օրը չի գալու ու մեր բոլոր խնդիրները լուծի։ Մեր խնդիրների լուծումը միայն ու միայն մեր ձեռքերում է, սակայն դրանք լուծելու համար անհրաժեշտ է ճիշտ գործիքակազմ ունենալ։
Որակյալ կրթություն, բարձրակարգ տեխնոլոգիաներ, գիտություն, բարձրակարգ բժշկություն, սպառազինություն և այլ բարձրակարգ գործիքներ ունենալու հնարավորության մեծ դուռը բացելու առաջին քայլն արդեն արված է։
![]()