Ժողովրդավարության և ձեր միջև տարածությունը նույնքան անհաղթահարելի է, որքան Գառնիկ Դանիելյանի և Մոնիկա Բելուչիի միջև. Կոնջորյան

«Երկու կողմից էլ այս թեմայի շուրջ կա գերագնահատված ակնկալիքների ձևավորման ջանքեր: Մի կողմից կա գերագնահատված ակնկալիք, որ այս օրենքը մենք կընդունենք և դրանից հետո Հայաստանը կփրկվի, երկրորդ կողմից՝ ի դեմս ընդդիմության, կա գերագնահատված ակնկալիք, որ եթե այս օրենքն ընդունենք, ՀՀ-ն կկործանվի»,-ԱԺ նիստում անդրադառնալով «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը նշեց, որ ճշմարտությունը բևեռների արանքում է. «Մենք պետք է դադարենք փրկիչներ որոնել, մենք պետք է դադարենք հավատալ մեկքայլանի փրկության երազներին, չկա նման բան, և, ընդհանրապես, քաղաքականության մեջ գոյություն չունի փրկության գաղափար, դա միֆ է, որը ստեղծված է մարդկանց կառավարելու համար: Այն, ինչ անում է խորհրդարանական ընդդիմությունը, իրենց հայտնի բանաձևի մասն է, և դա հետևյալն է՝ դասական Կիկոսի մահի սինդրոմն է, դուք կառուցում եք քաղաքագիտական աշխարհաքաղաքական բայղուշության մի տեսլական և ասում եք մեր ժողովրդին, եթե մենք քիչ աջ անենք, ձախ անենք, եթե մենք սկսենք սովորել ինքնուրույն քաղաքականություն իրագործել, եթե մենք մեր քայլերի համար ինքներս պատասխանատվություն ստանձնենք՝ մեզ կպատժեն: Դուք այս հին կոտրած տաշտակի մոդելը բերում եք, դնում սեղանի վրա: Մենք 2020 թվականից սկսած տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ձվերը տանում դնում ես նույն մեկ զամբյուղի մեջ: Դուք տարել ու բոլոր ձվերը դրել եք նույն զամբյուղի մեջ, հետո այդ զամբյուղի տերը մի օր զամբյուղը վերցրել ու գնացել է»:

Դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Մենք ասում ենք, որ ՀՀ-ն իրականացնում է քաղաքականությունների դիվերսիֆիկացիա, որովհետև ձվերը պետք է դնել տարբեր զամբյուղների մեջ: Այսօր ՀՀ-ն ռազմական համագործակցություն ունի, որը ժամանակին դուք համարում էիք ֆանտաստիկայի ժանրից: Երբ 2022 թվականին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայից հետո ԵՄ դիտորդները տեղակայվում էին ՀՀ-ում, դուք դրա դեմ էիք խոսում, Ադրբեջանն էլ էր դրա դեմ խոսում: Դուք նաև կողմ չքվերակեցիք ԵՄ դիտորդների գործունեության կանոնակարգին, եթե այդքան մտահոգվում եք մեր անվտանգությամբ, ինչու կողմ չքվեարկեցիք, կողմ չքվեարկեցիք, որովհետև նաև ուղղորդվում եք ուրիշ տեղերից: Ձեր խոսույթը, որը հնչում էր, կարելի է լսել նաև երկրի կոնկրետ պաշտոնյաների շուրթերից, որոնք ՀՀ-ի համար հնչում են որպես սպառնալիք: Ձեր քաղաքականության տրամաբանությունը հետևյալի վրա է հիմնված, որ դուք ոչ թե ասում եք, եթե իմ հետ լինես այս շիշը կտամ քեզ, այլ ասում եք, եթե իմ հետ չլինես այս շիշը կտամ գխիդ: Ձեր ելույթները հայելի են, որ լսում ենք, միանգամից ձեր մասին է ամեն ինչը»:

Անդրադառնալով ընդդիմադիրների ժողովրդավարության մասին հայտարարություններին՝ Կոնջորյանը նշեց. «Ժողովրդավարության և ձեր մեջ տարածությունը նույնքան անհաղթահարելի է, որքան Գառնիկ Դանիելյանի և Մոնիկա Բելուչիի միջև տարածությունը: Պարոն Դանիելյան, ես ձեզ մաղթում եմ լավագույնը ձեր խելահեղ ձգտումներում»:

Ելույթի ավարտին Կոնջորյանը նշեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ