![]()
Հայաստանի Ազգային ժողովը սկսել է քննարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որի հեղինակը քաղհասարակության ներկայացուցիչներն են:
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում ասաց՝ ՀՀ-ն, արտահայտելով իր ժողովրդի կամքը, խնդիր դնելով երկիրը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ, հայտարարում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Հիշեցնենք՝ տարեսկզբին Կառավարությունը հավանություն էր տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծին: Նախաձեռնության հեղինակները նախքան նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքել էին 60 հազար ստորագրություն։
Քաղաքագետ, ԵՄ անդամակցության նախաձեռնության անդամ Դավիթ Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Զեյնալյանը, ներկայացնելով օրինագիծը, նշել է իրականությունը, առկա բոլոր կետերն ու դրույթներն էլ որպես հիմք են ընդունվում այն ռեալ աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ այսօր Հայաստանի Հանրապետությունն է։
«Սա թույլ է տալիս մեզ գնալ դեպի Եվրամիություն և փորձել Հայաստանը այդ տարածաշրջանային ճանկից հանել։ Ինչ վերաբերում է ընդդիմության հարցերին, ապա այստեղ ամեն ինչ սպասելի էր․ բովանդակային քննարկում ես չտեսա, կար հերթական անգամ ցանկություն վախեցնելու մարդկանց և ցույց տալ, որ եթե մենք ճանապարհ ենք ընտրում դեպի Եվրոպա, զրկվում ենք ԵԱՏՄ-ից, ԵԱՏՄ շուկայից, ես տեսա նաև ծաղրի փորձեր մարդկանց մասին, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայի վերաբերյալ»,- նկատում է նա։
Այսինքն՝ քննարկում ընդդիմության կողմից, որպես այդպիսին, չկար, շեշտում է քաղաքագետը: Ընդդիմադիրները, ըստ նրա, ծաղրում են նախագծի հեղինակներին, սակայն այլընտրանք չեն առաջարկում․ «Չեն ասում՝ ինչ են իրենք առաջարկում, որովհետև պարզ է, որ շարունակել այսպես, ինչպես հիմա ենք շարժվում որպես վեկտոր, անհնար է։ Այսօր, ի հավելումն այդ ամենի, ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հերթական անգամ կրկնեց նույն թեզը, ինչը կրկնում են ընդդիմադիր պատգամավորները, թե ԵԱՏՄ-ի ու Եվրամիության ճանապարհը չեն կարող համատեղվել։ Մենք պետք է նշենք, որ այս պահին ընտրության առջև չենք կանգնել, որովհետև ճանապարհ դեպի Եվրամիություն մեկ բան է, իսկ եվրոպական շուկային միանալը՝ լրիվ այլ բան։ Մեզ տարիներ են անհրաժեշտ մինչև կհասնենք այդ կարգավիճակին: Այնպես որ, ես համարում եմ, որ բոլոր այն զուգահեռները, որոնք տանում է ընդդիմությունը, այս պահին նպատակահարմար չեն»։
Քաղաքագետը ընդդիմադիրների հետ կապված ևս մեկ նկատառում է անում․ «Հինգերորդ շարասյան գործունեությունը խորհրդարանում ես այսպես եմ բնութագրում՝ պետության կարիքների, պետականության հետ ընդհանուր աղերս չունեցող մարդիկ, որոնք այս պահին խորհրդարանում պաշտպանում են ռուսական օրակարգը, և մեր պետության շահի հետ նրանց կարծիքները ընդհանրություն չունեն։ Չգիտեմ՝ որքանով է նպատակահարմար, որ ՀՀ խորհրդանում հնչում են նման կարծիքներ, բայց ես դա չեմ համարում քաղաքական երկխոսություն և, ամենակարևորը, չեմ տեսնում ռացիոնալության հիմք»։
Ըստ Ստեփանյանի՝ Հայաստանի խորհրդարանում ԵՄ անդամակցության հարցը Եվրամիությունը բավականին դրական է դիտարկում․ «Փակագծերը չեմ բացում, բայց հետաքրքիր տեղեկատվություններ կան Բելգիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, և կարծում եմ, որ իրական արձագանքը բավականին դրական է, և շուտով կտեսնենք որոշակի այցեր դեպի Հայաստան, որոնք թույլ կտան մեզ դրանում համոզվել»։
Այս օրերին անդամակցության հետ կապված նախագծի քննարկումը արդյունավետ նշանակություն ունի նաև Մյունխենում սպասվող անվտանգության համաժողովի մեկնարկի համար, ասում է Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ դեպի Մյուխեն ճանապարհին ՀՀ վարչապետը իր հետ պետք է ունենա մի կարևոր դրույթ, որն էլ հենց խորհրդարանում քննարկվող օրինագիծն է։
«Դա միայն ՀՀ դիրքերը կամրապնդի, իսկ եթե մեծամասնությունը չընդունի նախագիծը, այդ քայլը շատ բացասական կդիտարկվի Եվրամիությունում և առաջին հերթին Մյունխենում։ Դեպի Եվրոպա ճանապարհը բխում է մեր շահերից, մեր պետականության շահերից։ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը իրեն ավելի վստահ կզգա՝ ունենալով այդ օրինագիծը։ Այն, որ անդամակցության գործընթացը տարիներ է տևելու, միանշանակ է։ Առաջին հերթին ամեն ինչ կախված է մեր քայլերից, եթե պատրաստ լինենք, այդ գործընթացը հնարավորինս շուտ տեղի կունենա։ Ընդդիմադիրները օրինակ են բերում Թուրքիային, որ տասնամյակներով գնում է ու տեղ չի հասնում, սակայն պետք է նկատել՝ Թուրքիան տեղի չի հասնում, քանի որ Էրդողանը երկրում ճնշում է ժողովրդավարությունը: Բնական է, որ եթե մենք էլ այդպես շարժվենք, տեղ չենք հասնի։ Իսկ մեր օրենսդրությունը, Եվրոպային համապատասխանեցնելով, ԵՄ 27 անդամ երկրների հետ աշխատելով՝ այդ ճանապարհը քիչ կանցնենք»,- ասում է նա։
Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ օրինագիծը խորհրդարանի ընդունելուց հետո առաջին քայլը, որ պետք է անի Հայաստանը, ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելն է լինելու։ Պետք է օրինագիծը առաջ տանել, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր վճռականությունն արտահայտել ու պատրաստ լինել գնալ եվրոպական ճանապարհով, համոզմունք է հայտնում նա:
![]()