ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում ՌԴ միջնորդությունը բերում է հազարավոր զոհեր. բոլոր գծերը հատված են. տեսանյութ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետության թե՛ իշխանության, թե՛ հասարակության նպատակները հայտնի են. խաղաղության հաստատումն է, և հայկական կողմը կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում Ադրբեջանին և պատրաստ է դրանք քննարկել, սակայն ադրբեջանական կողմից շարունակում են լռել:

Թեև առկա դժվարություններին, ըստ Սիմոնյանի, պետք է շարունակել ջանքերը՝ Խաղաղության պայմանագիր ունենալու և խաղաղության հասնելու համար:

Ազգային ժողովի նախագահը նաև նկատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի առաջարկներ անում են տարբեր երկրներ, ապա անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այն հայտարարությանը, թե ռուսական կողմը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Սիմոնյանն ասաց՝ «մենք իրենց միջնորդության օրինակները մեր մաշկի, մեր մարմնի, մեր երեխաների վրա զգացել ենք, և այդ ցավը դեռ չի անցել»:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ևս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Ազգային ժողովի նախագահը ճիշտ է, և Ռուսաստանի միջնորդությունն ընդունելու ճանապարհով Հայաստանի Հանրապետությունը չպիտի գնա, որովհետև առաջին հերթին հայ ժողովուրդը չի ցանկանում:

Ըստ Մկրտչյանի՝ խաղաղության օրակարգում միջնորդի դեր ստանձնելու դեպքում Ռուսաստանը բազմաթիվ հանգամանքներ կարող է առաջ բերել, ընդհուպ բեմականացնել Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների վերադարձի հարցը, կարող է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը դնել կասկածի տակ և միջանցքային տրամաբանությամբ ադրբեջանական տարբերակը խաղարկել՝ պարտադրելով նոր զիջումների:

Քաղաքագետը համոզմունք է հայտնում՝ հակված է այն տարբերակին, որ Բաքուն և Մոսկվան վերջին շրջանում բեմականացված «փոխհրաձգություն» են կազմակերպել՝ միտում ունենալով Հայաստանում տրամադրություններ շոշափել և հայկական կողմին եռակողմ պայմանավորվածությունների շրջանակ քարշ տալ, և, ըստ Մկրտչյանի, խայծը չպետք է կուլ տալ և սրան տուրք տալ:

Մկրտչյանը ևս մեկ անգամ համոզմունք է հայտնում՝ Մոսկվայի որևէ միջնորդական գործունեություն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն ուղիղ սպառնալիք է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ