![]()
«Հայաստանը որևիցե մեկին մոլորեցնելու նպատակ չունի և դա բոլոր միջազգային գործընկերներին ակնհայտ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում Ադրբեջանին և պատրաստ է այդ մեխանիզմները քննարկել. «Թե՛ ՀՀ իշխանության, թե՛ հանրության նպատակները հայտնի են, դրանք խաղաղության հաստատումն են, այն մեղադրանքները, որոնք հնչում են ադրբեջանական կողմից, որևիցե պարագայում ՀՀ-ի հետ կապ չունեն և չեն կարող ունենալ»:
ԱԺ նախագահի կարծիքով՝ բանակացությունները փակուղում չեն. «Մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանազատման և սահմանագծման հարցում, ճիշտ է, ադրբեջանական կողմն արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկին որևէ արձագանք չունի և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է, լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը: Տարածաշրջանում որևիցե իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների առնվազն փորձերի, կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախության, ինքնիշխանության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանության ապագան փոխկապված են և դա մեր ձեռքում է, այսօր մենք պատմական շանս ունենք հարցը մեկընդմիշտ լուծել և մեր ժառանգներին խաղաղ համակեցություն տալ»:
![]()