Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է, ՀՀ-ին նման բանի մեջ մեղադրելն ուղղակի խուսափողական գործելաոճ է. Սիմոնյան

«Քիչ հավանական եմ համարում, բայց յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, պատրաստ ենք քննարկել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայի միջոնդրությունն ընդունելու առաջարկին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը խոսեց անցած փորձի մասին. «Անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, վերջիվերջո մենք ունենք շատ չլուծված հարցերի պատասխաններ, որոնք մինչ օրս չունենք, օրինակ՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված ՌԴ-ի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի շրջանակներում, կա նաև Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագիր: ՌԴ-ն առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք, ի պատասխան հնչեց, որ սահմանը դելիմիտացված չի: Հիմա գալ, ասել՝ մենք կարող ենք միջնորդ հանդիսանալ, հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ: Մենք ունեցանք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, ռուս խաղաղապահներն այնտեղ էին և պետք է պաշտպանեին հայ ժողովրդին, որտեղ են հիմա ռուս խաղաղապահները և որտեղ է հայ ժողովուրդը»:

Խոսելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ-ի դիրքորոշման վերաբերյալ ՌԴ-ի մեղադրանքների մասին՝ Սիմոնյանն ասաց. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից մի քանի օր անց ՌԴ նախագահը հայտարարեց, որ դա Ադրբեջանի տարածք է և դրանից հետո ևս մեկ անգամ կրկնեց, ներողություն եմ խնդրում, բայց ՀՀ-ին նման բանի մեջ մեղադրելն ուղղակի խուսափողական գործելաոճ է: Ամբողջ աշխարհը, այդ թվում ՌԴ-ի ներսում իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ և ոնց իրենք մեզ մենակ թողեցին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ