![]()
2016-ի Քառօրյա պատերազմը երկու բան ցույց տվեց: Առաջինը, որ հայկական կողմը 4 օր կարողացավ դիմադրել և Ադրբեջանը դադարեցրեց իր հարձակումը: Կային մի շարք դժվարություններ և հիմնական մեր ձախողումը հետախուզության մեջ էր, որը կար և 2016-ին, և 2020-ին:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Ժնևի Վեբսթեր համալսարանի դասախոս, լրագրող Վիգեն Չըթըրյանը:
«Հայկական կողմը դժվարություններ ուներ կոորդինացնել իր տարբեր ռազմական կառույցները: Հստակ էր, որ Ադրբեջանը ոչ միայն մեծ բանակ ուներ, այլև տեխնոլոգիական առումով շատ ավելի զարգացած էր: Այս 3 սխալը մենք սրբագրելու 4 տարի ունեինք, որը չկարողացանք ճիշտ ձևով օգտագործել»,- ասաց Վիգեն Չըթըրյանը:
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տեղում եղած Չըթըրյանը նկատում է՝ պատերազմի ավարտից հետո այն ինչ գրվում և խոսվում էր Երևանում, շատ տարբեր էր իրականությունից:
Միֆ էինք ստեղծում՝ դիտարկմանն ի պատասխան, վերջինս ասաց՝ ամբողջությամբ:
«Մենք նույնիսկ մեկ գիրք չենք գրել, որտեղ լիներ այդ պատերազմի ռազմական պատմությունը: Մենք պետք է ունենայինք այդ պատմությունն ուսումնասիրող մի քանի ինստիտուտ, որ չունենք, իսկ այդ բոլորի փոխարեն ունեինք անհատական հուշեր, միֆեր, փոխանակ որ ռազմական գետնի վրա ուսումնասիրեինք այդ պատերազմը: Դրա համար մենք ունեցանք միֆեր և ոչ թե իսկական գնահատական, որի վրա կառուցեինք մեր հետագա պատմությունը:
Մենք կորցրինք վտանգի զգացողությունը և անտեսելով Ադրբեջանի առավելությունը հավատացինք, որ անցյալի մեր հերոսության վրա կարող ենք ապագան տեսնել և չտեսանք ապագայի վտանգները և չզարգացրեցինք Հայաստանի և ԼՂ ռազմական կարողությունները»,- ասաց նա:
![]()