Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է ֆիլմի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի մասին:

Տեսանյութում, որը հրապարակվել է Genetic Production-ի «Ֆեյսբուք»-ի էջում, Նոնո Սարգսյանը խոստովանում է՝ փոքր քայլերով գնացել է իր երազանքի ետևից:

«Երևի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Երբ ծնվեց իմ աղջիկը, հասկացա, որ երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել և հիմա պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա:

Հետո սկսվեցին աշխատանքները: Առաջին մարդն, ում հետ կիսվել եմ հարազատներիցս բացի, եղել է Արամ Կարապետյանը, ում շատ սիրում եմ: Ինքը հենց առաջին վայրկյանից ինձ հավատացել է, ոգևորել ու ոգևորվել է:

Երբ հարց առաջացավ, թե ով պիտի լինի ֆիլմի ռեժիսորը, ինձ համար այդ հարցը քննարկման ենթակա էլ չէր, որովհետև ինքը պիտի լիներ: Ինձ համար շատ կարևոր էր, որ ինքը կարողանում է այդ ֆիլմը նայել իմ աչքերով:

2-րդ մարդը, ում մասնակցությունն էլ չի քննարկվել, դա եղել է Խորեն Լևոնյանը: Անգամ հարց չի առաջացել, ով պիտի Սպարապետի կերպարը ներկայացնի:

Բարդ էր նկարահանման ընթացքը, շատ լարված, թվում էր, թե մենք պատերազմի մեջ էինք: Թիմը շատ լավն էր, պինդ էր, մի ընտանիքի նման էր, բայց պարտավորեցնող էր: Այնքան շատ էր ճիշտ անելու, չսխալվելու ցանկությունը, որ երբեմն թվում էր, թե խտանում է էմոցիաները ու հեսա պիտի պայթի, բայց ի սկբանե ես ինձ խոսք էի տվել, որ պետք է լինեմ, պինդ, ամուր, երբեք, ինչ էլ պատահի չպետք է խուճապի մատնվեմ, որպեսզի թիմն էլ խուճապ չզգա»,- պատմել է Նոնո Սարգսյանը:

«Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը նկարահանել է Genetic Production-ը։ Սցենարի հեղինակները Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանն են, Կարապետյանը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։

Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։

Սպարապետի մասին պատմող կինոնկարը մեծ էկրան կբարձրանա մարտի 5-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ