Բավականին բարդ է կազմակերպել հանդիպումներ վարչակազմի հետ, որը ընդամենը 10-15 օր է պաշտոնավարում

Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին լուրից հետո որոշ շրջանակներ համառորեն փորձում նսեմացնել այս հանդիպման նշանակությունը՝ պնդելով, որ ԱՄՆ փոխնախագահի դերը ձևական է, նա իրական ազդեցություն չունի արտաքին քաղաքականության վրա, հետևաբար այս հանդիպումը կարևոր չէ։

Պետք է նշել, որ բավականին բարդ է կազմակերպել հանդիպումներ վարչակազմի հետ, որը ընդամենը 10-15 օր է պաշտոնավարում, առավել ևս, երբ ԱՄՆ-ում ես ոչ պաշտոնական այցով։ Իսկ Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահի հյուրը դառնալը կարևոր իրադարձություն է։

Ավելացնենք, որ ատելություն սերմանողների պնդումները ոչ միայն անհիմն են, այլև հակագիտական, քանի որ անտեսում են ԱՄՆ քաղաքական պատմությունը, որտեղ փոխնախագահները հաճախ առանցքային դեր են խաղացել արտաքին հարաբերություններում։ ԱՄՆ բազմաթիվ փոխնախագահներ եղել են այն առաջնորդները, ովքեր սահմանել են ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և անմիջականորեն մասնակցել միջազգային բանակցություններին։

Օրինակ, Ռիչարդ Նիքսոնը, դեռևս փոխնախագահ լինելով, ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունների կառուցմանը՝ Խրուշչովի հետ պատմական «խոհանոցային բանավեճերի» ժամանակ հիմնավորելով ԱՄՆ գաղափարական դիրքորոշումը։ Ալբերտ Գորը, լինելով ԱՄՆ փոխնախագահ, ռուսական ղեկավարության հետ համատեղ ձևավորել է միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ-ՌԴ համագործակցության ծրագիրը։ 34 տոննա զենքային պլուտոնիումի ուտիլիզացիայի մասին ԱՄՆ-ՌԴ համաձայնագրի տակ հենց Ալբերտ Գորի ստորագրությունն է։
ԱՄՆ պատմության մեջ եղել է 50 փոխնախագահ, մենք կարող էինք պատմական շարք սկսել՝ պատմելով նրանցից յուրաքանչյուրի մասին, սակայն դրանում իմաստ չենք տեսնում, քանի որ ամեն ինչ հերթով ատելու ձգտողներին ճշմարտությունն ու պատմությունը չեն հետաքրքրում, իսկ մնացածներն էլ առանց այդ հասկանում են, որ այնպիսի երկրի փոխնախագահը, ինչպիսին ԱՄՆ-ն է, շատ լուրջ դեմք է։ Բավական է նշել, որ ԱՄՆ փոխնախագահը դե-յուրե գլխավորում է ԱՄՆ Սենատը, որտեղ ունի վճռորոշ ձայնի իրավունք ձայների հավասարության դեպքում, ինչպես նաև ստանձնում է երկրի նախագահի գործառույթները վերջինիս կողմից դրանք իրականացնելու անհնարինության դեպքում։
Իհարկե, ԱՄՆ վարչապետի այցի շրջանակներում նպատակահարմար կլիներ հանդիպել նաև պետքարտուղար Ռուբիոյի, իսկ իդեալական դեպքում՝ նախագահ Թրամփի հետ։ Սակայն փոխնախագահ Վենսի հետ հանդիպումը նույնպես կարևոր նշանակություն ունի ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի արդիականությունը նոր վարչակազմի կողմից հաստատելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ