![]()
«Ես տեսել եմ, որ քաղաքացիները բողոքում են հաճախ, որ ավտոբուսները ուշ-ուշ են գալիս, և մարդիկ ստիպված իրար գլխի վրա լցված են երթևեկում: Նաև սա է պատճառը, որ որոշում է կայացվել գները բարձրացնել»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի ուղեվարձի
թանկացմանը։
«Գիտեք, որ նախկին քաղաքապետը, իր մերձավոր շրջապատը, թաղապետերը, կամ քրեական տարրերը, «օրենքով գողերը», գեներալները ունեցել են երթուղայինի գծեր: Նրանք հավաքել են 100 դրամները, պատշաճ ծառայություն չեն մատուցել: Ամեն ամիս հսկայական գումարներ են աշխատել:
Հիմա իշխանությունն ասում է՝ կա՛մ պետք է մնա այն, ինչը կա, կա՛մ պետք է բոլորս գումար հավաքենք, առնենք լավ տրանսպորտ ու երթևեկենք դրանով: Այս պահին Երևանն ունի տրանսպորտային
միջոցների պակաս և պետք է ձեռք բերի: Հիմա այդ ավել գումաները, որ հավաքագրվում են, ո՛չ ՔՊ-ի որևէ անդամի է գնում, ո՛չ քաղաքապետին, ո՛չ վարչապետին, ո՛չ էլ մեր թիմից որևէ մեկին»,- ասել է Սարգսյանը:
![]()