Չեմ անրադառնում այն շրջանակներին, որոնք համ ուղեվարձի դեմ են պայքարում, համ էլ ուզում են հարկ չվճարեն. Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տրանսպորտի գնի հարցը, ըստ իս, գաղափարական է: Աջական գաղափարներով ՔՊ-ն ասում է «ով օգտվում է տրանսպորտից, թող ինքն էլ վճարի» և, որպես ածանցյալ, տրանսպորտի գինը դարձնում է այնքան, որ դա ծածկի հանրային տրանսպորտի աշխատանքն ու հետագա արդիականացումը: Մաքրամաքուր աջական մոտեցում է:

Դրան ի հակառակ կարող է լինել ձախական մոտեցում, որ տրանսպորտի համար վճարեն հարուստները: Օրինակ` ամբողջ կենտրոնը շատ թանկ կարմիր գիծ լինի, Երևանում հզոր մեքենա կամ լավ բնակարան ունենալու գույքահարկն էլ տիեզերական թանկ լինի ու այդ գումարներով սուբսիդավորվի տրանսպորտը: Կամ, ասենք, էապես նվազ կատարվեն այլ ծախսերը (ասֆալտապատում, բակերի բարեկարգում և այլն):

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն հիմնավորում են, թե ինչու է տրանսպորտը թանկանում, բայց չեն անրադառնում նրան, թե ինչու դա պետք է լինի ուղևորների հաշվին, երբ տարածաշրջանի (մայրցամաքի կեսի) բոլոր այլ երկրներում հանրային տրանսպորտի արժեքի զգալի մասը ուղևորների փոխարեն հարկատուների հաշվին է:
Հ.Գ. Չեմ անրադառնում այն շրջանակներին, որոնք համ ուղեվարձի դեմ են պայքարում, համ էլ ուզում են հարկ չվճարեն… Կարծես, այդ ավտոբուսների համար պետք է մետրոպոլիա Մոսկվան, Թեհրանը կամ Ստամբուլը վճարեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ