![]()
Civic.am-ը Երեւանի թիվ 2 բուժմիավորումի աշխատակիցներից ահազանգ է ստացել, որ բուժմիավորման տնօրենը՝ Տիգրան Խաչատրյանը, արդեն երեք ամիս է աշխատակիցների աշխատավարձերը չի տալիս եւ փոխարենը տալիս է մեկ ամսվա աշխատավարձ, իսկ ովքեր ըմբոստանում են՝ տնօրենը ասում է՝ դիմում գրեք, ազատվեք աշխատանքից։
Հիշեցնենք՝ դեռ 2017 թվականին «Հետք»-ը գրել էր, որ «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ն պատկանում է Սեյրան Սարոյանի մորը՝ Օֆիկ Սարոյանին։
Փորձեցինք կապ հաստատել բուժմիավորման տնօրենի հետ, սակայն նա տեղում չէր, իսկ փոխտնօրենը՝ Դավիթ Մաթեւոսյանը, չհերքելով աշխատավարձերի հետ կապված խնդիրը, ասաց․ «Չկա նման բան, 1 ամիս է ուշացումը, ունենք ֆինանսական խնդիրներ կապված անցած տարվա արտակարգ իրավիճակի հետ եւ փորձում ենք կարգավորել այդ ամենը», — ասաց նա եւ հավելեց․ «Հիմնարկը COVID-19-ի պայմաններում ոչ լիարժեք է աշխատել․ դրանից հետո պատերազմական իրավիճակ էր»։
Հարցին՝ խնդիրը ե՞րբ կկարգավորվի, Մաթեւոսյանը պատասխանեց․ «Ֆինասնական հաշվարկներով երևի մինչեւ տարվա վերջ, բայց երեք ամսվա ուշացում չունենք»․ Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ մինչև տարվա վերջ աշխատավարձերի խնդիր կլինի՞, բուժմիավորման փոխտնօրենը պատասխանեց․ «Ես Ձեզ չեմ կարող հստակ ասել, գուցե լինի, հնարավոր է ուշացումներ լինեն»։
ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունը տեղյակ է խնդրից․ «Մեր կողմից պետպատվերների մասով պարբերաբար փոխանցումները ժամանակին լինում են, թե ինչու աշխատակիցներին չեն հասնում, դա մեր խնդիրը չէ, դա մասնավոր կլինիկիա է, որը մեր ենթակայության տակ չէ գործում․ մենք բացի այն, որ փոխանցումները անում ենք՝ ուրիշ ոչ մի վերահսկողական իրավունքներ չունենք, թե ինչու աշխատավարձեր չեն տալիս՝ դա ուրիշ հարց է»։
Իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնեցին, որ բուժմիավորումից խնդրի վերաբերյալ գրավոր դիմում-բողոք դեռ չեն ստացել։
![]()