Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում. Քոչարյանը՝ մանդատը վերցնելու ցանկության մասին

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, Ռոբերտ Քոչարյանը հակված է հրաժարվել իր խորհրդարանական մանդատից։

«Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում: Մեր թիմում տարբեր կարծիքներ կան։ Մի մասը կարծում է, որ ճիշտ է՝ ես լինեմ խորհրդարանում և օգտագործեմ խորհրդարանի ամբիոնն ու հնարավորությունները քաղաքական պայքարի համար, մի մասը համարում է, որ չարժի։ Անձամբ այդպիսի ցանկություն չունեմ, հակված եմ դա չանելու, բայց դեռ վերջնական որոշում չունեմ։ Պետք է սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի կայացնեմ այդ որոշումը։ Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,-ի պատասխան լրագրողի հարցի ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ ի՞նչ պահանջով են դիմելու Սահմանադրական դատարան, Քոչարյանը նշեց, որ դեռևս ամբողջական ինֆորմացիա չունեն:

Նրա խոսքով՝ ընտրությունների օրը իրենց շտաբների պետերին բերման էին ենթակում՝ խաթարելով շտաբների աշխատանքները:

«Իշխող կողմը կասկածում էր, որ մեր դաշինքի շտաբներում տեղադրված են բուլետեն տպելու մեքենաներ: Շտաբները բոլորը վարձակալված են, այսինքն կարծում են՝ այդ տարածքներում տպարաններ ենք սարքել։ Այդ աստիճանի աբսուրդի հասցրած քայլերով փորձում են խաթարել մեր շտաբների աշխատանքը։ 60-ից ավելի մարդ բերման էր ենթարկվել։ Նպատակն այն էր, որ այդ մի քանի ժամվա ընթացքում խաթարեին այն գործունեությունը, որ շտաբներն իրականացնում են»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի չորրորդ համար Վահե Հակոբյան էլ հավելեց, որ խախտումների մասին ամբողջական տեղեկատվությունը ստանալուց և վերլուծելուց հետո հստակ պահանջը կկազմեն և կդիմեն Սահմանադրական դատարան, քանի որ ամեն պահի ստանում են խախտումների մասին տեղեկություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ