Ի պատիվ մեր ժողովրդի բարձր գիտակցության եւ վճռականության՝ մեզ վստահվեց մեր ժողովրդի քվեն

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, որը ներկա էր Էրեբունի վարչական շրջանի երկու՝ 10/15, 10/16 ընտրատեղամասերի քվեարկության հաշվարկին, ձայների հաշվարկի ամփոփման ժամանակ մեզ հետ զրույցում նշեց, որ գոհ է ինչպես այդ տեղամասերի, այնպես էլ, առհասարակ, ընտրության ընդհանուր արդյունքներից:

Նշենք, որ այս երկու տեղամասերում առաջատար էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. 10/15 տեղամասում կուսակցությունը հավաքել էր 418 ձայն, մինչդեռ ձայների մեծամասնությամբ երկրորդ՝ «Հայաստան դաշինքը» ստացել էր ընտրողների 296 քվեն: 10/16 ընտրատեղամասում էլ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ընտրողների 466 քվեն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 221:

«Ուզում եմ նշել, որ ընդհանուր արդյունքներն են մեզ գոհացնում: Այս երկու ընտրատեղամասերի արդյունքները եւս «Քաղաքացիական պայմանագրի» օգտին էին, ու դա շատ պարտավորեցնող է։

Էրեբունի թաղամասը, որպես կանոն, ծանր թաղամաս է, սակայն այստեղ՝ այս երկու ընտրատեղամասերում, մենք ձայների գրեթե կրկնակի առավելությամբ հաղթել ենք: Իհարկե, ի պատիվ մեր ժողովրդի բարձր գիտակցության եւ վճռականության մեզ վստահվեց մեր ժողովրդի քվեն»,- ասաց Արմեն Փամբուչյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ