Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Հարցը ներառվել է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Չոբանյանը պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի փետրվարի 6-ին:

Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը։ 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում։ 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում։

1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։

2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։ 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահ։

2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ