![]()
Հրազդանի բնակչի կողմից դաժան վերաբերմունքի ենթարկված շունը դեռևս գտնվում է «Դինգո» թիմ կազմակերպությունում։ Նրան անվանակոչել են Պարոն Ալկապոնե։
Կենդանու վիճակը փոքր-ինչ կայունանում է, ենթարկվել է երկու վիրահատության և վեց ռենտգեն հետազոտության։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Դինգո» թիվ կազմակերպության հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը։
«Շունը կանգնում է, քայլեր է անում, բայց դեռ վաղ է ուրախանալու համար, որովհետև տրավմաները շատ են, գլխի մեջ դեռ ուռուցքներ կան, ժամանակ է պետք բուժվելու համար։ Երկու վիրաահատությունից բացի դեռ էլի վիրահատությունների պետք է ենթարկվի, բայց սպասում ենք ժամանակ անցնի, որովհետև շատ նարկոզ չենք կարողանում տալ, քանի որ թոքերը վնասված են հարվածներից»,- ասաց նա։
Կազմակերպությունը շան բժշկական ծախսերը հոգալու համար կուտակել էր 101 հազար դրամ պարտք, որը հաջողվել է մարել կենդանու մասին մտահոգ քաղաքացիների շնորհիվ․ «Դինգո» թիմի ֆեսբուքյան էջում տեղադրել էինք՝ ովքեր ուզում են մեզ օգնել, կարող են հաշվեհամարին գումար փոխանցել։ Իր համար կուտակված պարտքը հավաքվել է եւ նաեւ հավելյալ գումար է ավելացել, դրանով իր հետագա ծախսեր պետք է հոգանք, որովհետև բավականին շատ ծախսեր ունի, հատուկ թաց կեր է իրեն պետք, սիստեմաներ ենք միացնում»։
Շանը տանջած Հրազդան քաղաքի բնակչի դեմ կազմակերպության ներկայացրած բողոքը Ոստիկանությունում ընթացքի մեջ է։ Կազմակերպությունը սպասում է հետագա զարգացումներին։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Դինգո թիմ կազմակերպությունը ահազանգ էր ստացել, այն մասին, որ Հրազդան քաղաքի բնակիչը շանը կապել է իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ է տվել։ Ահազանգած բնակիչը պատմել էր՝ մեքենայով անցնելիս նկատել է, որ դիմացի մեքենայից շուն է կապված, և վարորդը քարշ է տալիս նրան։ Այնուհետև վարորդը կանգնեցրել է մեքենան և մեծ քարով հարվածել շան գլխին: Կազմակերպությունը դիմել էր ոստիկանություն, տղամարդը նույն օրը բերման էր ենթարկվել Հրազդանի ոստիկանության բաժին և հարցաքննվել։ Ըստ ոստիկանության Հրազդան բաժնի տարածած հաղորդագրության՝ հարցաքննության ընթացքում տղամարդը պատճառաբանել է՝ շանը քարերով խփել և փորձել է սատկեցնել իր և ընտանիքի անդամների վրա հարձակվելու պատճառով։
![]()