![]()
Երեւանից դուրս ակադեմիական քաղաք ունենալու գաղափարի մասին լուրը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց:
Շատերին մտահոգեց, իսկ ոմանց էլ շահարկումների առիթ տվեց վարչապետի այն հայտարարությունը, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը:
Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ երևանյան բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին:
Իսկ նոր կառուցվող այդ քաղաքում կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, ու երեխաները բարեփոխված դպրոցից հնարավորություն կունենան գնալ բարեփոխված բուհական համակարգ:
Այսօր հիմնական քննարկումների առանցքային կետը դարձել են այն հարցերը, թե ո՞րն է ակադեմիական քաղաք ունենալու նպատակը, 21-րդ դարի չափանիշներին չհամապատասխանող բուհերի տեղափոխումը ինչպե՞ս կարող է ազդել կրթության բովանդակության վրա, ո՞ւմ պետք է վաճառվեն այդ շենքերը եւ ո՞ր բուհերն են կանգնած տեղափոխման հարցի առաջ: Այս եւ մյուս հարցերի վերաբերյալ խոսել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ.
— Պարոն նախարար, ի՞նչ է ենթադրում ակադեմիական քաղաք ասվածը, ո՞րն է դրա նպատակը եւ ի՞նչ կոնկրետ ծրագրեր են քննարկվում ներկա փուլում:
— Այս պահին ակադեմիական քաղաքի կառուցումը ընդամենը գաղափարի մակարդակում է: Սա բարձրագույն կրթության եւ գիտության զարգացմանն ուղղված առաջմղիչ եւ խթանող գաղափար է: Նպատակը բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի Երևան քաղաքից ոչ շատ հեռու տեղափոխելով՝ ակադեմիական քաղաք ձևավորելն ու կառուցելն է, որն իր միջավայրով, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակային բարձրագույն կրթության եւ գիտության համակարգ: Նպատակը բուհ ծախելը չէ. նպատակը ակադեմիական քաղաքի գաղափարն է, որը շատ առաջադեմ ու տարողունակ գաղափար է: Այդ ակադեմիական քաղաքում կլինի իրապես ակադեմիական, կրթական միջավայր. կլինեն մեծ, ժամանակակից գրադարաններ, սպորտային համալիրներ, նորագույն տեխնոլոգիաներով լսարաններ, դասախոսների աշխատասենյակներ, զարգացած հանրակացարանային ենթակառուցվածքներ և այլն: Ներկա փուլում որեւէ կոնկրետ գործողություն եւ ժամկետ չկա. դեռ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի դաշտը, ծրագիր կազմվի: Սա այն հարցը չէ, որ մեկ օրում անակնկալ որոշում կայացվի: Այս պահին գաղափարական մակարդակում քննարկվող հարց է, բայց նաեւ Կառավարության կողմից հաստատակամություն կա իրագործել այս գաղափարը՝ ինչպես, երբ, ավելի կոնկրետ թվային տեսքով այս պահին չեմ կարող ասել: Երբ հստակեցվի, կհայտարարվի եւ քննարկում կլինի:
— Իսկ ակադեմիական քաղաքի կառուցումը մայրաքաղաքի բեռնաթափման նպատակ հետապնդու՞մ է:
— Այնպես չէ, որ մայրաքաղաքը բուհերն են ծանրաբեռնում: Նպատակը դա չէ, բայց դա որպես հետեւանք կարող է լինել: Գերնպատակը հրաշալի պայմաններ ապահովելն է բուհական համակարգի գործունեության համար, որի հետեւանքով կարող է նաեւ մայրաքաղաքի բեռնաթափում լինել: Բայց գաղափարը միտված է ոչ թե բեռնաթափմանը, այլ ոլորտի համար հարմարավետ եւ ստեղծագործական միջավայր ապահովելուն: Դա շատ լուրջ եւ կարեւոր աշխատանք է, որը համբերատար մոտեցում եւ լուրջ ներդրումներ է պահանջում:
— Վարչապետի՝ բուհերը վաճառելու եւ դրանց գումարով նոր ակադեմիական քաղաք կառուցելու հայտարարությունը բազմաթիվ շահարկումների պատճառ դարձավ. շատերն ասում են, որ այն բիզնես նպատակ ունի, ի՞նչ կասեք այդ մասին:
— Վարչապետի ասածը շատ պարզ, անկեղծ միտք է եղել, գաղափարը բիզնես նպատակ չի հետապնդում. նման հարց բացարձակապես չի քննարկվել, չի քննարկվում ու կարծում եմ՝ չի քննարկվի: Շահարկումներն իհարկե լրիվ անհիմն են: Բացի դրանից՝ ակադեմիական քաղաք հասկացությունը նոր հայտնագործություն չէ. նման բաներ աշխարհում կան. օրինակ՝ Ռուսատանի Դաշնությունում, եվրոպական եւ արեւմտյան զարգացած երկրներում բազմաթիվ առաջատար համալսարաններն այլեւս նման պայմաններ ստեղծել են իրենց համար: Եվ ես կարծում եմ՝ անընդհատ սեւեռվել այդ բուհերի վաճառքի մտքի վրա, ճիշտ չէ: Հավանաբար մարդկանց մոտ այդ միտքը առաջացել է՝ ունենալով անցյալի դառը փորձը. ինչպես, օրինակ, վաճառվեց ԵՊՀ հյուրերի տունը, որին, ի դեպ, ես անձնապես դեմ եմ եղել եւ գիտական խորհրդում արտահայտվել եմ իմ կարծիքը: Երբ դա վաճառվեց, պատճառաբանվեց, որ իբրեւ թե ԵՊՀ-ն հնարավորություն չունի դա վերանորոգելու, այնինչ վերանորոգման հնարավորություն չունեցող բուհը տարեկան մոտ 120 միլիոն դրամ տալիս էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Ուրեմն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 120 միլիոն տալու հանրավորություն ունեին, իսկ այդ հրաշալի կառույցը, որը շատ կարևոր էր ԵՊՀ-ի համար, վերանորոգելու հնարավորություն չունեի՞ն: Հյուրերի տունը մասնավորին տրվեց ինչ-որ անհասկանալի ձեւով, առանց քննարկման: Այ դա բիզնես վաճառք էր: Եթե դա նկատի ունեն ընդդիմախոսները, պետք է միաշանակ ասել, որ նման վտանգ որեւիցե մի բուհ չունի այսօր. չի կարող նման մոտեցում լինել եւ չի լինի:
— 21-րդ դարի չափանիշներին չհամապատասխանող բուհերի տեղափոխումը ինչպե՞ս կարող է ազդել կրթության բովանդակության վրա: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այդ չափանիշները:
— Այսօր գաղտնիք չէ, որ ունենք բուհեր, որտեղ պայմանները բացարձակ չեն համապատասխանում ժամանակակից բուհին անհրաժեշտ պայմաններին: Բազմաթիվ բուհեր այսօր, սկսած սանիտահարահիգիենիկ պայմաններից մինչեւ լսարանային պայամաններ, ունեն մի շարք խնդիրներ. չի համապատասխանում տեխնիակական հագեցվածությունը , խախտված է ուսանող- մակերես համապատասխանությունը: Չկան մարզասրահներ, զբոսանքի տարածքներ, գրադարանային համալիր. գրադարանը չի նշանակում գնալ և լոկ գիրք վերցնել, դա պետք է լինի միջավայր, որ ուսանողը կամ դասախոսը, գտնվելով այդտեղ, իր ամբողջ օրը կարողանա հաճելի անցկացնել, լինի տրամադրող, ստեղծագործական միջավայր: Սրա մասին է խոսքը, եւ շատ ողջունելի է, որ Կառավարությունը հաստատակամ է տրամադրված այդ գործին: Ես միայն կարող եմ հաջողություն մաղթել մեզ բոլորիս, որպեսզի այս գաղափարը գաղափարական դաշտից դառնա իրականություն:
— Քննադատողներից շատերը հայտարարում են, որ բուհերի մի մասը պատմամշակութային օբյետներ են եւ անթույլատրելի է դրանք վաճառքը: Առանձնացնում են, օրինակ, ԵՊՀ-ն, բժշկական եւ պոլիտեխնիկական համալսարանները: Այս բուհերի տեղափոխությունը ե՞ւս չի բացառվում:
— Այս պահին չկա որեւիցե կոնկրետ բուհի տեղափոխման ծրագիր. վարչապետը հստակ ասաց, որ այդպիսի գաղափար կա: Գործող իշխանությունը նույն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով ԵՊՀ-ին տվեց հատուկ կարգավիճակ: Եվ որեւիցե մեկը չի պատրաստվում վաճառքի կամ աճուրդի հանել ԵՊՀ-ի շենքը: Չի ասվել, որ բոլոր շենքերը կվաճառվեն, այլ նրանք միայն, որոնք նպատահակարմար չեն լինի գործել որպես բուհ կամ բուհի ինչ-որ մաս: Հավանաբար այդ շենքերն է նկատի ունեցել վարչապետը: Մի բան հստակ է. բուհին որեւիցե մեկը դրսում չի թողնի: Կրկնում եմ ՝ ԵՊՀ հյուրերի տան դեպքը չի լինելու: Ես ուղղակի կարծում եմ, որ չպետք է լավի մեջ վատը փնտրել: Բնականաբար մշակութային արժեքները որեւիցե մեկը չի վաճառի, բայց պետք է նախ հասկանալ՝ ինչն է մշակութային արժեք ու ինչն է ոչ:
— Իսկ կա՞ որոշակի պատկերացում՝ մարդկային ռեսուրսների տեղափոխման հարցը ինչ ձեւաչով է կազմակերպվելու: Գուցե հատուկ տրանսպորտային միջոցնե՞ր լինեն:
— Երբ կառուցվի այդ քաղաքը, հարցերն ինքնաբերաբար կկարգավորվեն եւ որեւիցե խնդիր չի լինի: Ո»րն է խնդիրը. այսօր մարզերից եկող բազում առաջատար դասախոսներ ունենք, որոնք մայրաքաղաքի բուհ են ամեն օր գալիս ու գնում: Ի՞նչ է Երեւանի բուհերում միայն երեւանցինե՞րն են աշխատում և սովորում: Այսօր հանրակացարաանային մշակույթը չկա, որ ուսանողը կամ դասախոսը գա եւ ապրի այդ կամպուսում. գալիս են, վարձով են ապրում: Ուսանողական քաղաք ասածը ենթադրում է, որ պետք է լինեն նաեւ հանրակացարանային համալիրներ, սննդի կենտրոններ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է նպաստավոր միջավայրի ստեղծման համար: Նույնիսկ շատ ավելի հարմարավետ է լինելու այդ քաղաքում, քան այսօր կա: Պետք է միայն ցանկանալ, որ այս գաղափարը դառնա իրականություն:
Հարցազրույցը ՝ Հայկական Ժամանակի
![]()